Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Կա տեղեկանք, որ Արմեն Սարգսյանը վերջին 6 տարում հանդիսանում է ՀՀ քաղաքացի և ունի մշտական բնակություն

analitik.am

Խորհրդարանը սկսել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը: Հարցի քննարկման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց Սարգսյանի թեկնածության մասով թերևս ամենավիճելի հարցը՝ նրա քաղաքացիության թեման:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց, որ  մամուլում ոչ մեկ անգամ է գրվել, որ Սարգսյանը մինչև 2014 թվականը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, իսկ պատգամավորների ձեռքի տակ հիմա չկա փաստաթուղթ, որը կվկայեր այն, որ Սարգսյանը վերջին 6 տարում եղել է ՀՀ քաղաքացի և ունի մշտական բնակություն, ինչը պարտադիր է ՀՀ նախագահի թեկնածու լինելու համար. «Իհարկե Սարգսյանն արել է բանավոր հայտարարություններ այս մասով, բայց կարծում եմ, որ կա շատ պարզ լուծում, որը պետք է տրված լիներ: Պետք է ներկայացված լինեին փաստաթղթեր, թե պարոն Սարգսյանը երբ է հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Մեր ձեռքի տակ նույնիսկ չկա փաստաթուղթ, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի է և վերջին 7 տարում ապրում է Հայաստանում»:

Բարձրացված հարցին պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, թե այն, ինչ հայտարարել է պարոն Սարգսյանը հիմնավորված է փաստաթղթերով. «Ես ԱԺ քարտուղարությանը կխնդրեմ դրանք ներկայացնել ձեզ, իսկ եթե կունենաք այլ հարցեր, կարող ենք դիմել պատկան մարմիններին և ստանալ պատասխանները»:

Իր արձագանքում Փաշինյանը պահանջեց բոլոր այն փաստաղթերը, որոնք պարտադիր են թեկնածուի  ցենզը հիմնավորելու համար:

Վահրամ Բաղդասարյանն էլ իր հերթին ԱԺ քարտուղարությանը և բոլոր պատկան մարմիններին խնդրեց ներկայացնել անհրաժեշտ փաստաթղերը:

Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը բարձրացրեց նաև ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ Բրիտանիայի դեսպանատան ներկայացրած տեղեկանքի համաձայն Արմեն Սարգսյանը մինչև 2014 թվականը եղել է մասնավոր կազմակերպության բաժնետեր, ինչի համար պարտավոր էր Մեծ Բրիտանիայի քաղաքացի դառնալ: Եվ եթե այդպես է, ուրեմն  Սարգսյանը վերջին 6 տարում չի կարող լինել ՀՀ քաղաքացի:

Բաղդասարյանը հայտարարեց, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն, իսկ եթե դրանք չբավարարեն, ԵԼՔ պատգամավորները կարող են հարցում կատարել և ստանալ պատասխաննները՝ հավելելով, որ հարցման հասցեատերը ԱԺ-ն չէ:

Ավելի ուշ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն  ընթերցեց ԱԺ քարտուղարության ներկայացրած տեղեկանքն այն մասին, որ Արմեն Սարգսյանը վերջին 6 տարում հանդիսացել է ՀՀ քաղաքացի և մշտապես բնակվել է Հայաստանում: Իսկ թե իրավասու պետական մարմինն ինչ հիմքով է ներկայացրել տեղեկանքը, Հովհաննիսյանի խոսքերով, ԱԺ-ն պարտավոր չէ իմանալ, հարցի հասցեատերը ԱԺ քարտուղարությունը չէ:

Նույն շարքից