«Եթե ընտրվեմ ՀՀ նախագահ, իմ եռանդը, տարիների փորձը ծառայեցնելու եմ մեր երկրին, Արցախին, Սփյուռքի ազգային խնդիրների լուծմանը»,-այսօր՝ մարտի 1-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:
Սարգսյանը նշեց, որ աշխատելու է այնպես, որ իր գործունեությունը լինի Սահմանադրության սահմաններում, գործելու է իր էությանը համապատասխան, ազնվությամբ. «Ես լինելու եմ ոչ միայն ՀՀ նախագահ, այլ նաև ուղղակի ՀՀ քաղաքացի, կատարելու եմ ՀՀ քաղաքացու բարձրագույն պարտականությունները»:
ՀՀ նախագահի թեկնածուն նշեց, որ փորձելու է լինել ոչ միայն այս խորհրդարանի, այլ ՀՀ քաղաքացիների նախագահը, ներկայացնելու է արցախահայության շահերը՝ լինելով նաև նրանց «նախագահը», դառնալու է սփյուռքահայության նախագահը՝ նպատակ ունենալով իրականություն դարձնել ազգային միասնությունը՝ մեր փոքր ազգը դարձնելով մեծ ապագա ունեցող ազգ. «Եթե ճիշտ կատարենք մեր քայլերը, 21-րդ դարը մերն է լինելու»:
Սարգսյանը հայտարարեց, որ մենք երիտասարդ հանրապետութուն ենք և ցանկություն հայտնեց, որ հաջորդ 26 տարիները ևս լինեն երիտասարդ Հայաստանի տարիներ, որը կունենա հսկայական եռանդ և պատրաստակամություն իր ապագան կերտելու համար: