Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ինչպե՞ս եք վերաբերում հարցին, որ Դուք միակ թեկնածուն եք. Մանե Թանդիլյանը՝ Արմեն Սարգսյանին Հարցուպատասխանը՝ ուղիղ

Խորհրդարանում պատգամավորները սկսել են իրենց հարցերն ուղղել ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգյանին:

ՀՀ նախագահի թեկնածուին դիմելով՝ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ցանկացավ իմանալ՝ արդյո՞ք վերջինիս չի մտահոգում այն, որ երկրորդ թեկնածու չկա, որի դեպքում իրական դեբատների հնարավորություն կլիներ:

Բացի դրանից, Թանդիլյանը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք Արմեն Սարգսյանը տեսնում է իրեն ՀՀԿ-ի ցուցակը գլխավորողի դերում՝ հավակնելով դառնալ վարչապետ:

ԵԼՔ խմբակցության պատգամավորի երրորդ հարցը վերաբերում էր Սարգսյանի քաղաքացիությանը. «Արդյո՞ք բարդ էր ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, որ Դուք ՀՀ քաղաքացի եք: Դա թույլ կտար ապահովել թափանցիկություն»:

Առաջին հարցի մասով ՀՀ նախագահի թեկնածուն նշեց, որ Սահմանադրությունն ինքը չի գրել, ընդամենը քվեարկել է և չգիտի, թե ինչպես պետք է առաջադրվեր մյուս թեկնածուն կամ թեկնածուները, եթե նման հարց լիներ: Սարգսյանի խոսքերով, հարցն իրեն ուղղել պետք չէ. «Ինչ վերաբերում է ԵԼՔ-ի թեկնածու Արտակ Զեյնալյանին, ես նրա նկատմամբ խորին հարգանք ունեմ: Հանդիպել եմ Զեյնալյանի հետ, լսել եմ նրան և եթե ընտրվեմ նախագահ, կաջակցեմ նրա մտքերին»:

Երկրորդ հարցի մասով Սարգսյանն ասաց, որ չի պատրաստվում դառնալ որևէ կուսակցության անդամ, նույնիսկ  Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագրի:

Ինչ վերաբերում է իր քաղաքացիության մասով փաստաթուղթ ներկայացնելուն, Սարգսյանն ասաց, որ ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջել են իրենից. «Ես արդարանալու բան չունեմ, 2011 թվականի դեկտեմբեր 2-ից ՀՀ քաղաքացի եմ»:

 

 

Նույն շարքից