«Եթե ես ընտրվեմ Հանրապետության նախագահ, դրանից հետո ԱԺ-ում իշխող կուսակցությունը որոշի առաջադրել Սերժ Սարգսյանին և այն պահին, երբ Հանրապետության այսօրվա նախագահն այստեղ կանգնած լինի, ճիշտ կլինի այդ հարցն ուղղեք իրեն, ոչ թե ինձ»,-այսօր՝ մարտի 1-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպես է վերջինս վերաբերում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականին արած հայտարարությանը, որով նա նշել էր, թե չի հավակնելու նախագահի կամ վարչապետի պաշտոնին:
Ապա Արմեն Սարգսյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել այլ քաղաքական գործիչների մեկնաբանությունները՝ հավելելով, որ շատ հարգված երկրների ղեկավարներ կան, որոնք տարբեր հայտարարություններով են հանդես գալիս՝ նույնիսկ դա անելով սոցկայքերում. «Թե որքան է այդ հայտարարությունների քաղաքական կամ պետական արժեքը, թողնում եմ ձեզ դատելու»: