Հայաստան Տնտեսություն 

Եկե'ք ասենք ողջ ճշմարտությունը. սա ոչ թե բարեփոխում է, այլ թալան. Լևոն Զուրաբյան

analitik.am

Անկախ եւ ինքնիշխան Հայաստանը սկսվում է հենց Ազատության հրապարակից։  Այս մասին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հայտարարեց հունվարի 18-ին «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի ժամանակ, որին, հիշեցնենք, միացել են նաև խորհրդարանական 4 ոչ կոալիցիոն ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ) ներկայացուցիչները:


«Այսօր արդեն կարող եմ շնորհավորել ձեզ, որ այս հավաքը կայացավ եւ մեր իշպանություններին ապացուցեց, որ ժողովուրդը ոտքի է կանգնում։ Նախ ողջունում եմ այս շարժումը, որ ձեւավորվել է շատ պարզ նպատակի շուրջ՝ քաղաքացու իրավունքով վերջ դնել այս ռեֆորմին, որը չունի ժողովրդի վստահությունը։ Գրագետ, ինտելեկտուալ քաղաքացին իր քաղաքացու բարձր գիտակցությամբ բարձրացրեց քաղաքացիական ակտիվությունը այս հարցի շուրջ, ինչը մեծապես նպաստեց խմբակցությունների նախաձեռնությանը, եւ այսօրվա հավաքի բազմամարդությունը աննախադեպ համախմբման արդյունք է»,- հայտարարեց Զուրաբյանը։


Զուրաբյանը նշեց, որ ինքը որպես ՀԱԿ-ի ներկայացուցիչ, խնդիր մասին կխոսի ավելի անկաշկանդ եւ կոշտ ոճով, քան քաղաքացիական ակտիվիստները։


«Եկեք ասենք ողջ ճշմարտությունը. սա ոչ թե բարեփոխում է, այլ թալան, ԱՄՆ-ում Եվրոպայում կան կուտակային հիմնադրամներ, կապիտալի արժեթղթերի կայացած շուկաներ, որտեղ պետությունը երաշխավորում է ներդրումները, պաշտպանում է եւ թույլ չի տալիս, որ մասնավոր ֆոնդերը թալանեն ժողովրդին։ Տասնյակ տարիների ընթացքում այդ ֆոնդերը շահել են մարդկանց վստահությունը, եւ մարդիկ չեն վախենում ներդրումներ անել։


Մեզ մոտ ի՞նչ վիճակ է։ Եկեք կոչենք իրերն իրենց անունով։ Մենք կարո՞ղ ենք արդյոք վստահել պետությանը»,- հարցրեց Զուրաբյանը, ինչին բազմությունը արձագանքեց. «Ոչ, ոչ»։

«Կարո՞ղ ենք վստահել պետությունը իրենց շահերի համար դուքան դարձրած Սարգսյանների այս ավազակապետական զույգին։ Կա՞ մի միամիտ, որը կարծում է, թե այդ մասնավոր հիմնադրամների ղեկավարները բարեխիճ մենեջերներ են, ում կարելի է վստահել գումարները։ Համաշխարհային բանկի հենց նոր հրապարակած տվյալներով Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք 5 մլրդ դոլար կապիտալի ապօրինի արտահոսք է տեղի ունեցել երկրից։  Հիմա ուզում են, որ մենք վստահե՞նք Վիրջինիայի կղզիներում եւ Կիպրոսի օֆշորներում միլիարդներ կուտակող իշխանությանը»,- հարցրեց Զուրաբյանը» Հավաքվածներն անընդհատ արձագանքում էին «ոչ, ոչ»։


Զուրաբյանի խոսքով՝ հնարավոր չէ վստահել մի իշխանությանը, որը մոլագարի նման տան հրդեհի ժամանակ տուն է վերանորորոգում. «Այն ժամանակ, երբ մարդկանց հոգիներում մեռնում է հայրենիքում ապրելու եւ շենացնելու գաղափարը, երկիրը վարի է գնում, պարզվում է՝ կարեւոր խնդիրը կուտակայինն է»։


Նոր բարեփոխումը, ՀԱԿ ներկայացուցչի խոսքվ՝ թալանելու նոր գործիք է. «Իբր քիչ էին օլիգարխները, կարմիր գծերը, գազի գինը, փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ չնշումները, հիմա էլ նոր թալանի միջոց են գտել»։

Զուրաբյանը նշեց, որ մոտենում է այս իշխանության՝ ժողովրդին հաշիվ տալու ժամանակը եւ կոչ արեց համախմբվել. «Ամբողջ ժողովրդով ոտքի ենք ելնելու, երկիրը փրկենք թալանչիական համակարգից։ Այս իշխանությունները չեն նահանջելու 1 սմ, եթե չտեսնեն տասնյակ հազարավոր մարդկանց»։


Նշենք, որ ելույթի ընթացքում Զուրաբյանն անընդհատ փորձում էր հնչեցնել ՀԱԿ-ի «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսը, սակայն «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այն խլացնում էին «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով։

Նույն շարքից