Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը: Նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանի ելույթից և պատգամավորների հետ հարցուպատասխանից հետո պատգամավորները սկսել են հանդես գալ ելույթներով:
Իր ելույթում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն ընդունեց, որ Սահմանադրությունը հնարավոր է սահմանափակ տարածք է տալիս նախագահին գործելու համար, սակայն հայտնի է, որ սահմանափակ տարածքում հնարավոր է կառուցել և խրճիթ, և երկնաքեր:
Աշոտյանի խոսքերով, նման դեպքերում շատ բան կախված է նախագահի թեկնածուից, կարևոր է , թե թեկնածուն ինչ հավելյալ արժեք կարող է ստեղծել:
ՀՀԿ-ական պատգամավորը նաև պատմական ակնարկ արեց՝ հիշելով հռոմեական կայսր Դիոկլետիանոսին, որը որոշեց գնալ իր ծննդավայր և հողամասում կաղամբ աճեցնել. «Երբ նրա հետևից եկան՝ հրավիրելու կրկին Հռոմ, նա ասաց՝ դուք չէիք գա իմ հետևից, եթե տեսնեիք, թե ինչ կաղամբ եմ ես աճեցրել: Պարոն Սարգսյան, կարծում եմ, որ Ձեր համաձայնությունը՝ վերադառնալ մեծ քաղաքականություն, պայմանավորված է նրանով, որ այդ «կաղամբը» մեր երկրում, թեռևս, միասին պետք է աճեցնենք»:
Աշոտյանը նշեց, որ պետք է միասին աճեցնել «կաղամբը», որը բոլորինը կլինի: