«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաք-երթը ավարտվեց այնտեղ, որտեղ սկսվել էր՝ Ազատության հրապարակում։ Մասնակիցների հայտարարեցին, որ իրենք հաղթանակի ամենավճռական քայլը կատարել են: «Սա աննախադեպ երևույթ է, քանի որ փողոց է դուրս եկել երիտասարդությունը: Մենք հաղթել ենք, բոլորիս շնորհավորում եմ: Մենք մեր հաղթանակին ավելի ենք մոտեցել: Ովքեր ասում են` բան չի փոխվի, մենք ասում ենք` փոխելու ենք»,- հայտարարեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:
Երթի կազմակերպիչները հայտարարեցին, որ կսպասեն Սահմանադրական դատարանի որոշմանը, որը, հիշեցնենք, պետք է մինչեւ հունվարի 25-ը որոշում կայացներ Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու՝ խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացրած դիմումի վերաբերյալ։
Կազմակերպիչները հայտարարեցին, որ անհնազանդության բոլոր մեթոդներով անելու են ամեն ինչ, որ հասնեն արդյունքի, եւ պայքարը կշարունակեն մինչև գործադուլներ, նստացույցներ։
Մասնակիցները Ազատության հրապարակում ազգագրական երգ ու պարով ավարտեցին այսօրվա հավաք-երթը։ Հիշեցնենք, որ սա ամենաբազմամարդ երթն էր՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչ դեմ պայքարի մեկնարկից ի վեր։
Երթից առաջ Ազատության հրապարակում ելույթներ ունեցան ԱԺ չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները։