Ցանկացած օրինական բողոք միանշանակ պաշտպանվելու է 4 քաղաքական ուժերի կողմից: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, Ազատության հրապարակում «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Բարգավաճ Հայաստանը միշտ ասել է, որ մեկ քաղաքական ուժ չի կարող լուծել երկրի առջև ծառացած խնդիրները: Մեզ իրապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության լայն համախմբում, և միայն այդ կերպ ձևավորելով մեկ միասնական քաղաքական օրակարգ՝ քայլ առ քայլ կլուծվեն երկրի խնդիրները»,-ասաց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը իրեն իրատես քաղաքական գործիչ է համարում և առանձնապես մեծ հույսեր չի կապում ՍԴ-ի հետ.«Բայց միշտ պետք է հավատալ, որ գոնե մի անգամ ամենաբարձրագույն դատական ատյանը կսպասարկի ոչ թե կլանի շահերը, այլ կպաշտպանի ժողովրդի շահերը»:
Լրագրողների դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ կուտակայինի դեմ շարժումը կապված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հնարավոր վերադարձի հետ, Զոհրաբյանն ասաց. «Ես դավադրությունների կողմնակից չեմ, միշտ կողմ եմ եղել սթափ տրամաբանական վերլուծություններին»։