Ամենաընթերցվածներ Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Հայոց «մուտիլովկա»-ի մաթեմատիկան. Ինչպե՞ս են արևմտյան ԶԼՄ-ները կեղծ օրակարգ ներդնում Հայաստանում

analitik.am

Գուգլում «MediaLab սպառնալիք» բառակապակցությունը որոնելիս 0,27 վարկյանում ստանում ենք 3,460 արդյունք, որոնք ընթերցողին պատմում են, թե ինչպես է ՀՀ ԶՈւ մի սպա սպառնալիք հնչեցրել՝ մեկնաբանելով MediaLab լրատվականի՝ Պնախարար Վիգեն Սարգսյանին պատկերող հերթական ծաղրանկարը։ Սակայն, անհրաժեշտ է բավական երկար ժամանակ ծախսել, որպեսզի իմանանք, որ սպառնալիք կոչեցյալն իրականում սոցիալական ցանցում նշված նյութի տակ նշված ֆրանսիական «Չարլի Էբդոի»-ին կատարված հղումն է, իսկ սպառնացողը, թեպետ, եղել է պայմանագրային զինծառայող, բայց արդեն քանի տարի է «ռեզերվիստ» է:

Սա, իհարկե, չի խանգարել , որ շաբաթներ շարունակ շահարկվի ՊՆ ներգրավվածությունը միջադեպում։ Նույնիսկ այն փաստը, որ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հստակ հերքել է կասկածյալի՝ ՊՆ աշխատակից լինելու փաստը, բավարար չէր, որպեսզի «Հայկական Ժամանակ» օրաթերթն իր էջերում հետևյալ վերնագրով նյութ հրապարակի՝ «ՊՆ-ն «ծածկում է» Medialab-ի խմբագրին սպառնացող սպային. Նախարարից էլ՝ ոչ մի ծպտուն»: Վերնագիրը գրելիս հեղինակը, թերևս, մտածել է, որ սա 3460 նյութերից ընդամենը մեկն է լինելու, և կարևորը վերնագիրն է , քանի որ շատ քչերն են բուն նյութը կարդալու և իմանալու, որ վերնագիրը կեղծ է՝ ՊՆ-ն չի կոծկում, իսկ նախարարը՝ ծպտուն չպիտի էլ հանի:

Նույն 3460 նյութի վիճակագրությունն ապահովելու համար «Ազատություն» ռադիոկայանն էլ իր եթերի մեծ մասը տրամադրեց այս թեմային՝ մեկնաբանություններ ուզելով հաստիքային մեկնաբաններից: Նույնիսկ ԱՄՆ դեսպանատունը խառնվեց՝ դատապարտելով միջադեպը՝ առանց առանձնապես խորանալու մանրուքների մեջ: Ընդ որում, նույն «Ազատություն»-ը Լոռվա մարզում բացահայտված մարզպետին, նախկին քաղաքապետին, «Գազպրոմ» վարչության պետին, քննչականի պետին ու ևս 5 քննիչին վերաբերող դեպքին անդրադարձավ ընդամենը երկու հակիրճ պարբերությամբ: Ենթադրաբար, բազմաթիվ սպանությունների առիթ դարձած և ողջ իշխանական էլիտան ներառող հանցավոր բուրգը և արդարադատության խնդիրնեը Հայաստանում շատ ավելի փոքր խնդիր են, քան ՊՆ նախկին աշխատակցի մեկնաբանությունը սոցիալական ցանցում:

«Սպառնալիքի» դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, կասկածյալն, ըստ ամենայնի, ցուցմունք կտա և կասի, որ չի ցանկացել սպառնալ, քրեական գործը, ամենայն հավանականությամբ, կկրաճվի, սակայն համացանցում կմնան անվազն 3460 նյութ , որոնք կոչված են ՀՀ ԶՈւ-ն ներկել ահաբեկչական երանգներով: Ընդ որում, կարճվելուց հետո ևս մի քանի հազար հոդված կավելանա, որոնք կպատմեն, թե ինչպես են իրավապահները «կոծկել» այս գործը:

Միջադեպից շաբաթներ անց MediaLab-ի խմբագիրը ֆեյսբուքյան իր էջում կիսվեց իր իսկ կայքի նյութով, որը պատմում է ՊՆ-ում բացահայտված 40 միլիոն դրամի հափշտակության մասին: Սակայն, մեկնաբանելով այս նյութը , նա ոչ թե գոհունակություն է հայտնում, որ ՀՀ դատախազությունը ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ վերջին մեկ տարում հերթական քրեական գործն են հարուցել, այլ գրում է հետևյալը՝ «Պատկերացնո՞ւմ եք քանի լվացքի մեքենա կամ տուֆ կարելի էր գնել էս փողով: Իսկ քանի-քանի նման դեպքեր կան, որոնք այդպես էլ ՛չեն բացահայտվում՛: Պառոլը #լվացքիմեքենա»: Խմբագիրն էլ շատ լավ գիտի, որ նյութը չեն կարդալու, որ կարևորը վերնագիրն է, կարևորն ամեն գնով զինված ուժերին մրոտելն է: Անշուշտ, զարմանք չպիտի առաջացնի նաև այն փաստը, որ այս կայքը ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամի կողմից, նույն հիմնադրամի, որը գրանտ էր տվել Ազգ-բանակ հայեցակարգին հակառակ օրակարգ ձևավորելու համար, այնուհետև այդ գրանտի տեքստը հեռացրել սեփական կայքից՝ հասկանալով դրա, մեղմ ասած, խնդրահարույց լինելը....

Հայաստանում հետզհետե ավելանում են մարդիկ, որոնք պահանջում են վերջ տալ մամուլի նմանօրինակ սանձարձակ վարքագծին, իրականում խնդիրը շատ ավելի խորն է, քան լրատվական դաշտի օրենսդրական կարգավորումը, քանի որ նույն տոնայնությամբ բանակի դեմ նյութեր են պատրաստում և տարածում նաև իշխանական համարվող լրատվամիջոցները: Այս խնդրի լուծումը պետք է փնտրել պետական ապարատի ինստիտուցիոնալ տապալման մեջ և ներիշխանական ինտրիգներում:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից