Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ՍԴՀԿ-ն իր գոհունակությունն է հայտնում հայ-թուրքական արձանագրությունը չեղարկելու որոշման կապակցությամբ

analitik.am

Հայտարարություն

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակության Կենտրոնական Վարչությունն իր գոհունակությունն է հայտնում հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» մասին արձանագրությունը չեղարկելու՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների որոշման կապակությամբ:

Հնչակյան կուսակցությունն առաջին իսկ օրից վճռական դեմ է արտահայտվել նման արձանագրությունների վավերացմանը՝ հաշվի առնելով Թուրքիայի պետական-քաղաքական շրջանակների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության և Արցախի խնդրի կարգավորման հարցերում: Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կենսական շահերից է բխում բաց սահմաններն ու կանխատեսելի հարևանները, սակայն պաշտոնական Անկարայի ժխտողական պահվածքն ու տարիների հակահայ գործունեությունը ևս մեկ անգամ ապացուցում է այն առանց այդ էլ ակնառու փաստը, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանալին այդ երկրի քաղաքական վերնախավի՝ Հայաստանի և հայության նկատմամբ իրենց ունեցած ատելության աստիճանի հասնող վերաբերմունքի արմատական փոփոխությունն է:

Այս փաստաթղթի՝ Թուրքիայի կողմից անտեսելու և այն հետագայում Արցախի խնդրում Հայաստանի վրա իբրև ճնշում գործադրելու փորձերը դրա վառ ապացույցն են: Վստահ ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ցանկացած փաստաթուղթ պետք է դրվի ավելի լայն քննարկման՝ հաշվի առնելով թե՛ Հայաստանի, և թե՛ Սփյուռքի կազմակերպված կառույցների մոտեցումներն ու դիրքորոշումները:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը նաև համոզմունք է հայտնում, որ մենք կանխատեսելի հարևան կարող ենք ունենալ միայն և միայն այն պարագայում, երբ Թուրքիան պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, կառերեսվի պատմության հետ և կդադարի Արցախի հիմնախնդրի հարցում հանդես գալ պաշտոնական Բաքվի փաստաբանի դիրքերից:

Հնչակյան կուսակցությունը շարունակելու է իր աշխատանքը Թուրքիայի առաջադեմ շրջանակների հետ՝ Հայկական Հարցին հնչեղություն տալու, ինչպես նաև թուրքական հանրությանն իրենց իսկ պատմության հետ ծանոթացնելու համար:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչություն

02.03.2018

Ք. Երևան

Նույն շարքից