Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի կենսագրությունը

analitik.am

Այսօր Արմեն Սարգսյանը պատգամավորների ձայների 90 կողմ և 10 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց ՀՀ 4-րդ նախագահ: Ձեզ ենք ներկայացնում ՀՀ նորընտիր նախագահի կենսագրությունը.

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Կրթություն

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը:

1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

1978թ. ավարտել է ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

Աշխատանքային փորձ

1976-1990 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը:

1984-1985թթ. դասախոսել և գիտահետազոտական աշխատանք է կատարել Քեմբրիջի համալսարանի աստղագիտության ինստիտուտում:

1986-1992թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել, դասախոսել և աշխատել Մոսկվայի պետական համալսարանում, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հունաստանի, Միացյալ Թագավորության գիտական հաստատություններում ու համալսարաններում:

1991-1996թթ. զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնը:

1992-1996թթ. եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Վատիկանում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար:

1996-1997թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-1999թթ. վերանշանակվել է ՄԹ-ում և Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International-ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, ամենամյա Եվրասիական մեդիաֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես-դպրոցի տարեկան ազդեցիկ կոնֆերանսի հիմնադիր, Համաշխարային տնտեսական ֆորումի (World Economic Forum) Դավոսի էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-արևմուտք ինստիտուտի (East West Institute) համանախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro-Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (էներգետիկ անվտանգության նախագահ):

Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության խորհրդի անդամ, «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր և այլն:

2000-2013թթ. Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank օf America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

Պարգևներ

2017թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

2008թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Երկրորդի կողմից պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով:

1997թ.Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի:

Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր:

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

 

Նույն շարքից