Հայաստան Քաղաքական 

Հանրապետականում ծպտյալ ելք-ականներ կան. Նիկոլ Փաշինյան

Ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ հանրապետականներ, այլ հանրապետականի մեջ կան ծպտյալ ելք-ականներ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ նախագահի ընտրության մասին:

Սա, ինչպես և ենթադրվում էր, չէր կարող անպատասխան մնալ ՀՀԿ-ի կողմից: Իշխող ուժի կողմից խոսեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով նշեց, որ ի ուրախություն Նիկոլ Փաշինյանի, ՀՀԿ խմբակցությունում 58 պատգամավոր կա, իսկ Արմեն Սարգսյանն ընտրվել է 90 կողմ ձայնով:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ 4-րդ նախագահ ընտրվեց ձայների 90 կողմ և 10 դեմ հարաբերակցությամբ: Հաշվի առնելով այն փաստը, որ ԵԼՔ խմբակցությունն ունի 9 պատգամավոր, կարող ենք ասել, որ իշխող կոալիցիայի կամ Ծառուկյան դաշինքի պատգամավորներից առնվազն մեկը դեմ է քվեարկել Սարգսյանի թեկնածությանը, ինչն էլ նկատի ուներ ԵԼՔ խմբակցության ղեկավարը:

Ավելի վաղ Բարձագույն դատական խորհրդի անդամների ընտրության ժամանակ ԵԼՔ-ը կեղծված էր համարել ընտրությունները՝ հայտարարելով, որ խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի թեկնածությանը, սակայն վերջիններս  2 դեմ ձայն են ստացել: Դրանից հետո էլ սկսվեցին խոսակցությունները, թե ԵԼՔ-ում ծպտյալ հանրապետականներ կան:

Նույն շարքից