The Wall Street Journal-ը գրում է, որ Ռուսաստանը մշակել է մի շարք միջուկային զինատեսակներ, որոնք կարող են կոտրել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության վահանը: Այս ամենի շնորհիվ էլ Պուտինն ավելացրել է հակաարևմտյան հռետորաբանությունը: Զինատեսակների մեծ մասը, որոնց վրա Պուտինն ուշադրություն է ցանկանում գրավել, շատ լավ հայտնի են ԱՄՆ-ին և դրանց հակահրթիռային պաշտպանությունը մշակված է ավելի շուտ մերժված պետությունների գործողությունների կանխարգելման համար, այլ ոչ թե Մոսկվայի: Այդուհանդերձ, Պուտինը զարմացրեց որոշ ամերիկյան վերլուծաբանների՝ հայտարարելով, որ ՌԴ-ն կզինվի միջուկային մարտկոցով գործող նոր թևավոր հրթիռով:
Հոդվածում ասվում է, որ աշխարհի ռազմական հզոր տերությունները թարմացնում են իրենց զինանոցները՝ ԱՄՆ-ն նպատակ ունի մոդեռնիզացնել իր ռազմավարական միջուկային ուժերը, Չինաստանը նույնպես թարմացնում է իր միջուկային զինանոցը:
Federation of American Scientists-ի անդամ Հանս Քրիսթենսոնն էլ ասել է, որ մտահոգված է նրանով, որ երկրների միջև մրցակցության աճ է տեսնում նոր միջուկային զինատեսակների միջոցով առաջատար դիրք զբաղեցնելու հարցում:
Պենտագոնի նախկին պաշտոնյա Ֆրենկլին Միլլերն էլ The Wall Street Journal-ի հետ զրույցում հայտնել է, որ կարծում է ՝ Պուտինը հասկանում է, որ ԱՄՆ-ն վերջապես արթնացավ և հասկացավ, որ պետք է քայլեր ձեռնարկի միջուկային ոլորտում: Եթե Պուտինը հասկանում է, որ ՌԴ-ն չպետք է առաջինը կիրառի միջուկային զենք, ապա ամեն ինչ լավ է:
Ամերիկյան վերլուծաբանների կարծիքով՝ Պուտինը հասկացնել է տալիս ԱՄՆ-ին, որ եթե վերջինս լայնացնի իր հակահրթիռային պաշտպանության զինանոցը, ապա ՌԴ-ն կարող է առաջ անցնել ԱՄՆ-ին այս հարցում: Նշենք, որ Պենտագոնը Պուտինի՝ միջուկային զինանոցը թարմացնելու ելույթի մասին ընդամենն ասել է, որ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանությունը մերժված պետությունների դեմ է, այլ ոչ թե Մոսկվայի: