Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում խոսել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձի մասին՝ կապված Ռուսաստանում նոր զինատեսակների ստեղծման հետ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտի հայտարարությանը:
Մասնավորապես նշվում է, որ երկու երկրների ղեկավարներն իրենց անհանգստությունն են հայտնել Պուտինի հայտարարության մասով, ինչը բացասական ազդեցություն է ունենալու զենքի նկատմամբ միջազգային հանրության վերահսկողության գործի վրա:
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը նոր հիպերձայնային համակարգեր ունի, ինչպես նաև նորագույն սուզանավեր, բալիստիկ հրթիռներ և այլն: Պուտինի խոսքերով, ռուսական նորագույն զինատեսակներն անիմաստ են դարձնում ամերիկյան ՀՕՊ-երը և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքները: