Այսօր՝ մարտի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, պատասխանելով վարչապետի թեկնածուի մասով քննարկումների մասին հարցին, ասաց, որ դրանք սկսվելու են ապրիլի 9-ին մոտ: Ռուստամյանը նշեց, որ կոալիցիոն հուշագրով վարչապետի թեկնածու առաջադրելու իրավուքնը պատկանում է ՀՀԿ-ին, և երբ առաջադրումը լինի, այդ ժամանակ էլ կսկսվեն քննարկումները, իսկ մինչ այդ հայտարարություններ դժվար թե լինեն:
Լրագրողների հարցին, թե հնարավոր է արյդո՞ք, որ մինչև ապրիլի 9-ը ՀՅԴ-ն իմանա ՀՀ վարչապետի թեկնածուի անունը, Ռուստամյանն ասաց՝ այո, բայց ներքին կարգով:
Ինչ վերաբերում է նրան, թե ՀՅԴ-ն պատրա՞ստ է ՀՀԿ որոշ ներկայացուցիչների օրինակով համոզել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ, ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ իրենց կուսակցությունում նման տրամադրություն չկա՝ հավելելով, որ ՀՀԿ-ի հետ չեն քննարկելու հարցը, թե ում պետք է առաջադրել վարչապետի պաշտոնում, սակայն երբ թեկնածուն առաջադրվի, սկսվելու են համապատասխան քննարկումները:
Ռուսաստամյանը նաև հայտարարեց, որ պատրաստ են քննարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նույնպես: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ վերչապետ կամ նախագահ չլինելու մասով, ՀՅԴ-ական պատգամավորը հրաժարվեց մեկնաբանություններ տալ՝ նշելով, որ Սարգսյանի հայտարարություններն ամենալավը կարող է մեկնաբանել հենց Սարգսյանը: