«Կարծում եմ, որ այս շաբաթվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն»,-այսօր՝ մարտի 5-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԵԼՔ-ը պատրաստվում պայքարել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ:
ԵԼՔ խմբակցության ղեկավարն ասաց, որ այս պահին ԵԼՔ-ում արձանագրված է խնդիրը՝ պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, իսկ ճանապարհային քարտեզի մասով քննարկումները դեռ շարունակվում են:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է Փաշինյանն այդքան վստահ, որ հենց Սերժ Սարգսյանն է դառնալու է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, վերջինս ասաց, որ այդ մասին ինքը հայտարարել է Ազգային ժողովում և որևէ մեկը չի հերքել: Բացի դրանից, նա վկայակոչեց օրենսդրական փոփոխությունները. «Օրենսդրական փոփոխություններով Հայաստանում ներդրվում է վարչապետական դիկտատուրա, որը կարող է կառուցվել միայն Սերժ Սարգսյանի համար»:
Բացի դրանից, Փաշինյանը խոսեց նաև որոշ Հանրապետականների հայտարարությունների մասին՝ կապված Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելու հետ: ԵԼՔ-ական պատգամավորը վստահություն հայտնեց, թե դա վկայում է, որ հենց Սարգսյանի թեկնածությունն են առաջադրելու ՀՀԿ-ականները:
Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա Փաշինյանն ասաց, որ դա տեղի կունենա միայն ժողովրդի ճնշման պայմաններում, և եթե Ազատության հրապարակում լինի նման ճնշում և պատվիրակվածություն, ինքը պատրաստ է երաշխավորել իշխանափոխությունը: Հարցին, թե 2008-ին նման պատվիրակվածություն կար արդյո՞ք, ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ այո, բայց այն ժամանակ ինքը որոշում կայացնող չի եղել: