Հայաստան Քաղաքական Բարի օր 

Եթե քաղաքական թիմը որոշում կայացնի Սերժ Սարգսյանը պետք է ենթարկվի. Վահրամ Բաղդասարյան

Այսօր՝ մարտի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ կուսակցության ներսում վարչապետի թեկնածուի մասով քննարկումները դեռ չեն սկսվել, իսկ երբ սկսվեն և արդյունքները լինեն, այդ մասին, Սահմանադրության և կանոնակարգի համաձայն, կհայտարարվի:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ՀՀԿ-ն վերջին պահին հայտարարի իր որոշման մասին՝ նպատակ ունենալով խուսափել հնարավոր խնդիրներից, Բաղդասարյանն ասաց, որ վարչապետի թեկնածուի անունը հրապարակելու ժամկետի մասով փոփոխությունը կատարվել է Ազգային ժողովում, այն ժամանակ նման հարց չի բարձրացվել, և ինքը նման տեղեկատվություն չունի, թե կուսակցությունը կարող է նման քայլի գնալ:

Լրագրողների դիտարկմանը, որ վերոնշյալ փոփոխությունը, ընդդիմադիր պատգամավորների խոսքերով, միայն երկրորդ ընթերցման ժամանակ է արվել, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ դա չէր խանգարում նույն ընդդիմադիրներին խոսել այդ մասին: Բաղդասարյանի խոսքերով, օրենսդրական փոփոխությունների առաջինից երկրորդ ընթերցումների միջև ընկած ժամանակահատվածը հենց դրա համար է, որ պատգամավորները ծանոթանան փոփոխություններին: Այսինքն, պատգամավորները կարող էին կարդալ նախագիծը և բարձրաձայնել մտահոգությունները:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, շարունակելով ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի մասին խոսել, նշեց, որ ամեն օր փոփոխություններ են տեղի ունենում, և որոշումը կայացվելու է այդ փոփոխություններին համապատասխան, իսկ երբ լինի քաղաքական թիմի որոշումը, բոլորը՝ այդ թվում նաև Սերժ Սարգսյանը, պարտավոր են լինելու ենթարկվել դրան:

 

 

Նույն շարքից