Եթե պատերազմ սկսվի, մենք պատրաստ ենք դրան դիմակայելուն և մեր սահմաններն ամուր պահելուն: Այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Եռաբլուր այցելած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ ունենք հզոր բանակ, պատրաստված երկրապահներ. «Մենք չպետք է վախենանք պատերազմից: Պատերազմը մեզ համար պետք է լինի այնքան սովորական, որվհետև մեր ազգն իր ակունքներից մինչև այսօր միշտ էլ պատերազմների մեջ է եղել: Իսկ ապրիլյան պատերազմը մեզ համար եղավ փորձ, որ պետք է միշտ պատրաստ լինենք»:
Ինչ վերաբերում է Հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին, ապա Սյունիքի նախկին մարզպետն ասաց, որ վերջինս դրսում լուրջ կապեր ունի, ինչը կնպաստի մեր երկրին:
Խաչատրյանը խոսեց նաև Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության և հասարակության շրջանում առկա դժգոհությունների մասին: Նախկին պաշտոնյան մասնավորապես նշեց, որ մեր հասարակությունը սիրում է դժգոհել, երբ մարդիկ չեն ուզում աշխատել, դժգոհում են իշխանություններից. «Շատ դեպքերում դժգոհություններ անտեղի են: Գոնե գյուղում բոլորի համար պայմաններ ստեղծված են հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու համար: Մի մասը շատ լավ է ապրում, մի մասը՝ շատ վատ: Հիմա պետք է ենթադրել՝ իշխանություններից է դա կախված, թե այդ մարդկանցից, որ աշխատել չեն սիրում: Գյուղացին պետք է աշխատել սովորի ու աշխատի: Մինչև գյուղը չհարստանա, քաղաքը չի հարստանա»:
Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելու մասին հարցին պատասխանելով էլ՝ Խաչատրյանն ասաց, որ դա իհարկե այդպես է, անցած 30 տարիներն են ապացուցել դա: