«Հանրապետական կուսակցությունը ո՞նց չի առաջադրի: Խի՞ դուք մտածում ենք, որ ուրիշ մարդու պետք ա առաջադրի՞»,-այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գենելար Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնի համար առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանն իր համար անփոխարինել է:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից 2014 թվականին արված հայտնի հայտարարությանը, Գրիգորյանն ասաց, որ այն ժամանակ այլ քաղաքականություն է եղել, իսկ թե ով կլինի վարչապետի թեկնածուն, ՀՀԿ-ն է որոշելու, ոչ թե այլ ուժ. «Ես Սերժ Սարգսյանին վստահում եմ: Նրա հետ 89 թվականից, քայլ առ քայլ, սանտիմ առ սանտիմ անցել ենք ճանապարհները: Նա միշտ նվիրված է եղել այս երկրին և պետությանը»:
Հարցին, թե ինչ կարելի է ասել գործող վարչապետի թեկնածության մասին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ նա հետո կարող է լինել ամենալավ վարչապետը, սակայն հիմա Սերժ Սարգսյանից բացի, այլ անուններ չկան. «Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից ու պատերազմից։ Լավ վարչապետ ա, կարող ա հետագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ, Վազգենից էլ, Լեւոնից էլ լավ իմանա, բայց էս պահին ես չեմ տենում»: