Հասարակություն Գիտություն Բարի օր 

Ի՞նչ կարծիք ունեն ԵՊՀ ուսանողներն առարկաների ժամաքանակի փոփոխության  վերաբերյալ

Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի գիտխորհուրդը վերջերս քննարկել է ֆակուլտետում երկրորդ օտար լեզվի դասավանդման ժամաքանակն ավելացնելու հարցը՝  այլ առարկաների ժամաքանակների հաշվին, որոնց թվում է նաև «Արտասահմանյան գրականություն» առարկան ։  Այս փոփոխությունը դեռևս քննարկման փուլում է , սակայն,  արդեն կան որոշակի հարցեր և դժգոհություններ : Նշենք նաև , որ ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում «Արտասահմանյան գրականություն»  առարկան նախկինում  7 կիսամյակի փոխարեն, նշված փոփոխություններից  հետո, կդասավանդվի  1,5-2 կիսամյակ : Նախատեսվում է նաև ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետն անվանափոխել՝ դարձնելով   «Եվրոպական լեզուների և հաղորդակցության » ֆակուլտետ :

Analitik.am- ի թղթակիցը զրուցեց ԵՊՀ  Ռոմանագերմանական ֆակուլտետի Արտասահմանյան գրականության ամբիոնի մագիստրանտ, գիտխորհրդի անդամ Ամալյա Սողոմոնյանի հետ :

Ըստ նրա, ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի մագիստրանտի, հետագայում ասպիրանտի  համար, բնականաբար, ամբիոնի ժամերի կրճատումը ցավալի փաստ է, սակայն լինելով ֆակուլտետային գիտխորհրդի և ԵՊՀ գիտխորհրդի անդամ տեղյակ է քննարկումների ամբողջ ընթացքից. «Դեռ ոչ մի որոշում չի կայացվել: Դասաժամերի կրճատման հարցը քննարկվելու է ապրիլի վերջին: Ինչ որոշում էլ  կայացվի, համոզված եմ՝ ուսանողության օգտին է լինելու: Համալսարանն ինքն է որոշում իր ռազմավարությունը, և ամեն ինչ անում է, որպեսզի ուսանողը ստանա որակյալ կրթություն: Ինքս ավարտել եմ «Անգլերեն լեզու և գրականություն» բաժինը և որպես երկրորդ լեզու ուսումնասիրել եմ ֆրանսերենը, որը սկսել եմ անցնել երկրորդ կուրսից: Սա լուրջ խնդիր էր, որը հիմա գտավ իր լուծումը և սեպտեմբերից արդեն «Եվրոպական լեզուների և հաղորդակցման» ֆակուլտետի ուսանողները հավասարապես կտիրապետեն երկու լեզվի և ավելի մրցունակ կլինեն աշխատաշուկայում: Ես  ինձ լիարժեք ԵՊՀ-ական եմ զգում: Ինձ առանց գրականության չեմ պատկերացնում և այդ զգացման համար պարտական եմ հենց «Արտասահմանյան գրականության» ամբիոնի դասախոսներին: Երջանիկ եմ, որ հենց այս մագիստրոսական ծրագիրն ընտրեցի և բոլոր նպատակներս ու երազանքներս կապված են այս ամբիոնի հետ, բայց ես մի ճշմարտություն գիտեմ, որ եթե սիրում ես կարդալ, կկարդաս միշտ ու անկախ դասաժամերի քանակից: Ես ու ինձ նման շատ ուսանողներ անհույս լավատեսներ ենք և համոզված ենք, որ ամեն ինչ լավ է լինելու և յուրաքանչյուր որոշում, ծրագրի փոփոխություն, առաջարկ, բողոք, խնդրի լուծում  մեզ առաջ է տանում, մի քայլով մոտեցնում է իդեալականին»:

Analitik.am – ը այս հարցի շուրջ զրուցեց նաև ֆակուլտետի ՈւԽ նախագահ ՝ Արշալույս Ղազարյանի հետ : Նրա խոսքով, հարցը դեռ քննարկման փուլում է, և որևէ վերջնական որոշում չի կայացվել:

«Հաշվի առնելով ներկայիս տեղական և միջազգային շուկայական պահանջները՝ ֆակուլտետի գիտխորհրդի անդամների կողմից ներկայացվել է միջազգային ստանդարտներին ավելի համարժեք բարեփոխումների նախնական փաթեթ: Ֆակուլտետի անվանափոխությամբ պայմանավորված՝ ծրագրային փոփոխություններ ևս պետք է լինեն, որտեղ շեշտը դրվելու է պրակտիկ ուսուցման վրա: Ըստ նախնական ծրագրի՝ երկու օտար լեզուներ արդեն ուսուցանվելու են հավասարապես: Երկրորդ  օտար լեզվով դասավանդվող առարկաների դասաժամերի ավելացումը չի լինելու միայն արտասահմանյան գրականություն առարկայի դասաժամերի պակասեցման հաշվին:Այլ առարկաների ժամաքանակի փոփոխություններ ևս կլինեն: Խնդրով մտահոգ ուսանողները հանդիպում են ունեցել ֆակուլտետի դեկան Ս. Աբրահամյանի հետ և առաջարկել պակասեցնել ոչ մասնագիտական առարկաների դասաժամերը: Հարցը և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի: Վստահեցրել են, որ արտասահմանյան գրականություն առարկայի դասաժամերն այնքան չեն կրճատվի , որ տուժի առարկայի դասավանդման որակը, ողջունելի է նաև օտար լեզվով դասավանդվող առարկաների դասաժամերի ավելացումը»,- եզրափակեց իր խոսքն Արշալույս Ղազարյանը :

Ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողների հետ զրույցի ընթացքում ուսանողներից մեկն ասաց , որ  այլ առարկաների հաշվին օտար լեզվի դասաժամերի ավելացումը դրական ազդեցություն կունենա , քանի որ , եթե ընտրել են օտար լեզուների ֆակուլտետը, ապա եկել են օտար լեզուների հետ ծանոթանալու: Արտասահմանյան գրականությանը ծանոթանալը  նույնպես կարևոր է , քանի որ այն տալիս է ուսանողին մեծ բազա և ցանկության դեպքում ուսանողը կարող է լրացնել բաց թողնվածը :

Մեկ այլ ուսանող նշեց , որ 2-րդ օտար լեզուն շատ կարևոր է , ճիշտ է , դժվար կլինի 2 օտար լեզու միասին սովորելը , բայց ավելի ցանկալի է և օգտակար :Իսկ վերջում ուսանողներից մի քանիսը հավելեցին , որ իրենց տեղեկությունների համաձայն,  այս փոփոխությունները ոչ թե իրենց վրա են ազդելու , այլ մյուս տարվա դիմորդների:

Analitik.am-ը   հարցում անցկացրեց նաև ԵՊՀ այլ ֆակուլտետներում  սովորող ուսանողների շարքերում՝ ընդհանուր կարծիքներ իմանալու համար: Ուսանողներից քչերը գիտեին Ռոմանագերմանական ֆակուլտետում քննարկվող փոփոխությունների մասին , իսկ մի քանիսի կարծիքով էլ՝  այդ փոփոխությունները խիստ բացասական կազդեն ուսանողների կրթության ընթացքի վրա :

Նրանցից մեկի կարծիքով՝ ԵՊՀ-ում կատարվող նմանօրինակ փոփոխությունները միայն մեկ խնդիր լուծելու նպատակ ունեն , այն է՝ մի փոքր ավելի շատ ուսանող բերել ֆակուլտետ , քանի որ գնալով դիմորդների քանակը կրճատվում է՝ պայմանավորված  դպրոցական 12-ամյա կրթությամբ:

ԵՊՀ  ուսանողներից մեկի կարծիքով էլ՝ հիմա ամեն ֆակուլտետ փորձում է ավելի գրավիչ դառնալ. «Հաշվի առնելով առկա դժգոհությունը , որ ԲՈւՀ-երն ակտուալ և պրակտիկ չեն , այսպիսի փոփոխություններ են անում, բայց արտաքին բնույթի՝ ոչ թե բարձր կրթական մակարդակ սահմանելով , որպեսզի լիարժեք մասնագետ տան , այլ մոդայիկ անուններ դնելով ու մոդայիկի վրա շեշտը դնելով: Կստացվի մոդայիկ ֆակուլտետներ , բայց արդյունքում՝ ոչ լիարժեք մասնագետներ»:

Մեկ այլ ուսանող ավելացրեց , որ լեզուներն , իհարկե , ավելի ակտուալ են, քանի որ իբրև թե ավելի պրակտիկ են, բայց գրականությունը ետին պլան է մղվում, սակայն, ԲՈւՀ-ական կրթությունը չպետք է հավասարեցնել լեզուների ուսուցման տարատեսակ կենտրոնների մակարդակին. « Լեզվին տիրապետելը ու լեզվի մասնագետ լինելը տարբեր բաներ են: Առանց գրականության պատշաճ դասավանդման, որպես մասնագետ շրջանավարտները թերի են լինելու, իսկ արտասահմանյան գրականության մասնագետներ, փաստորեն, չեն լինելու առհասարակ»:

Analitik.am- ի այն հարցին թե ի՞նչ հետևանքներ են տեսնում այս փոփոխություններից հետո  , ուսանողներն ասացին . «Փոփոխությունը դրական է ընկալվում հետևյալ կոնտեքստում՝ լեզուները կիրառական նշանակություն ունեն , իսկ գրականությունը՝ անպետք բան է, ավելի լավ է լեզուներին շատ ժամանակ հատկացնենք : Սա, իհարկե, անհեթեթություն է , բայց եթե մասնագետներին չի հետաքրքրում , դիմորդն առավել ևս չի հասկանա՝ իրականում ինչի մասին է խոսքը » :

Այդուհանդերձ ,  կարծիքները տվյալ հարցի շուրջ ծավալուն եզրահանգման առիթ չտվեցին : Այնուամենայնիվ, այս փոփոխությունները դեռևս քննարկման փուլից ճանապարհ ունեն դեպի իրագործում և հույս ունենք , որ պլանավորված առարկաների ավելացումն այլ առարկաների դասաժամերի հաշվին  ոչ մի կերպ չի ազդի կրթության որակի վրա :

Յանա Մարտիրոսյան

 

 

Նույն շարքից