Ազգային ժողովը քննարկում է Հանրաքվեի մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը` նշելով, որ նախագծի նպատակն է ունենալ Սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին համահունչ օրենք՝ ստեղծելով հուսալի երաշխիքներ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության և դերակատարության համար, ինչպես նաև նպաստել հանրաքվեի ինստիտուտի դերի և նշանակության բարձրացմանը:
Դիմելով հիմնական զեկուցողին՝ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատագամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, թե օրենքում նշված է, որ ոչ-ի քարոզչություն կարելի է իրականացնել ոչ և ձեռնպահ քվեարկած պատգամավորների միջնորդությամբ. «Քաղաքացիները ձեռնպահ քվեարկելու հնարավորություն չեն ունենալու և այդ պատճառո՞վ է սա, թե՞ ձեռնպահի քարոզչություն ընդհանրապես չի նախատեսվում»:
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ձեռնպահի քարոզչություն չի նախատեսվել, այսինքն՝ հանրաքվեին մասնակցող քաղաքացիները կամ պետք է կողմ քվեարկեն, կամ՝ դեմ, հետևաբար խմբերն էլ բաժանվելու են երկու մասի: Արդարադատության նախարարի տեղակալի խոսքերով՝ սա ճիշտ է նաև կազմակերպչական տեսանկյունից:
Իր արձագանքում Թանդիլյանը տարակուսանք հայտնեց՝ արդյո՞ք ձեռնպահ լինելը տեսակետ չէ:
Հովհաննիսյանը պատասխանեց, որ մարդիկ կարող են ձեռնպահ լինել, սակայն, դրա քարոզչության պրակտիկա չկա, չկա նաև անհրաժեշտություն. «Քաղաքացին չի ուզում, թող չմասնակցի: Լինելու է կամ այո, կամ ոչ»: