Հայաստան Քաղաքական գլխավոր 

Կառավարությունը կազմված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, փոխվարչապետերից և 17 նախարարից

Ազգային ժողովը քննարկում է կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծը: Նախագիծն խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդադատատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նախագծով առաջարկվում է կառավարության հետևյալ կառուցվածքը՝ վարչապետ, առաջին փոխվարչապետ, երկու փոխվարչապետեր և 17 նախարար: Կառավարությունը համարվում է կազմակերպված, եթե նշանակվել է կառավարության անդամների (բացի վարչապետից) 2/3-ը:

Նախագծով հաստատվել են նաև այն պայմանները, որոնց դեպքում վարչապետը պարտավոր է հրաժարական տալ: Մասնավորապես դա տեղի է ունենալու այն դեպքում, եթե վերջինս կորցրել է քաղաքացիությունը, կամ ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն, կամ խախտել է օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները: Ամրագրվել են նաև վարչապետի հրաժարականին հավասարեցված իրավիճակները: Օրինակ եթե վարչապետը 5-օրյա ժամկետում չի ներկայացնում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ:

Նախատեսվել են նաև թափանցիկությանը վերաբերող դրույթները: Այս մասը վերաբերում է կառավարության նիստերը դռնփակ անցկացնելուն: Դավիթ Հարությունյանի խոսքերով, քանի որ կառավարության գործունեությունը չի կարող լինել հանրային տեսադաշտից դուրս, օրակարգում ներառված նախագծերը պետք է կառավարության նիստից առնվազն մեկ օր առաջ հրապարակվեն կառավարության պաշտոնական կայքէջում:

Հավելենք նաև, որ նոր կառավարության կազմում չի լինելու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման նախարարությունը:

Նույն շարքից