Հայաստան Քաղաքական 

Ինչու են ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունն անցնում վարչապետի ենթակայության ներքո

Խորհրդարանը շարունակում է քննարկել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկով էլ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունն անցնում են վարչապետի հսկողության տակ:

Այս մասով ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մտավախություն ունի, որ քայլ է արվում Հայաստանում սուպերվարչապետության համակարգ հաստատելու ուղղությամբ:

Սրա հետ, սակայն, հարցի հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն չէ: Հարությունյանի խոսքերով, կոլեգիալ ենթակայության տակ գտնվող մարմինները անցնում են վարչապետի հսկողության ներքո, որպեսզի լինի ընդգծված քաղաքական պատասխանատվություն այդ մարմինների գործունեության մասով. «Ավելին, ես արդեն նշեցի, որ մեր քաղաքականությունը պետք է տարվի այն ուղղությամբ, որ բացառությամբ տեսչութուններին, որոնք չեն կարող լինել որոշակի մարմնի քաղաքական պատասխանատվության և հսկողության ներքո, ի վերջո ռեֆորմների արդյունքում բոլոր մարմինները ենթակա լինեն այս կամ այն անձի անհատական պատասխանատվութանը»:

Արդարադատության նախարարի խոսքերով, երբ խոսվում է պատասխատվության մասին, սխալ է խոսել սուպերվարչապետության մասին:

Դռնփակ նիստերի մասով Հարությունյանն ասաց, որ որոշ երկրներ դա օրենսդրորեն ամրագրել են, ամրագրվել է նույնիսկ այն դրույթը, որ նախարարների կոմունիկացիան ևս չի կարող հրապարակվել: Սա արել են շատ ժողովրդավար երկրներ, օրինակ՝ Միացյալ Թագավարությունը:

 

Նույն շարքից