«Եթե կառավարությունը խնդիր ունենա ինչ-որ հարց գաղտնի կամ փակ քննարկելու, կքննարկի նախօրոք»,-խորհրդարանում կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախաձեռնությանը:
Սաղաթելյանը նշեց, որ աշխարհի շատ երկրներում կառավարության նիստերը դռնփակ են տեղի ունենում և եթե մենք չենք ցանկանում որպես օրինակ նշել արևմտյան երկրների փորձը, կարող ենք խոսել նախկին ԽՍՀՄ երկրների մասին:
Ինչ վերաբերում է մեր կառավարության գործունեության լուսաբանմանը, ապա ՀՀԿ-ական պատգամավորը վստահություն հայտնեց, որ կառավարության նիստերում քննարկված սոցիալական կարևորագույն հարցերը միշտ էլ հրապարակվում են պաշտոնական կայքում, իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ հավելյալ ինֆորմացիա է ստանում հանրությունը կառավարության նիստերի դռնբաց լինելու պայմաններում, ապա մարդիկ իմանում են օրինակ, թե ինչ գույնի փողկապ է կապել վարչապետը, կամ որ նախարարը փռշտաց, իսկ դա սոցիալապես անհրաժեշտ տեղեկատվություն չէ:
Ավելի վաղ հարցի հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել էր, որ կառավարության գործունեության թափանցիկության համար օրակարգում ընդգրկված հարցերը նիստից առնվազն մեկ օր առաջ հրապարակվելու են կառավարության կայքում: Բացի դրանից, վարչապետի որոշմամբ, նախարարները կարող են այս կամ այն չափով ինֆորմացիա տալ կոնկրետ թեմայի մասով: