ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին հանդիպել է եվրոպական տարբեր երկրների ալևիների միության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը և Արսեն Միխայլովը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կարևորում են կրոնական համերաշխությունը, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Այս համատեքստում ազգային փոքրամասնություններին հստակ քվոտա է տրված մեր երկրի խորհրդարանում: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ հայ ժողովուրդը հասկանում է ազգային փոքրամասնությունների դերը և կարևորում նրանց իրավունքների պաշտպանությունն ամբողջ աշխարհում, քանի որ Հայոց ցեղասպանությունից հետո հայության մի ստվար հատված ապաստան գտավ աշխարհի բազմաթիվ երկրներում:
«Մենք կհաջողենք, եթե միավորվենք հանուն կրոնական և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և ընդդեմ ցեղասպանությունների ու ժխտողականության: Մեր պայքարը Թուրքիայի դեմ չէ, մեր պայքարը հանուն մարդու իրավունքների պաշտպանության է»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
Նա անդրադարձել է նաև մի շարք երկրներում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով միջոցառումների անցկացմանը, որը նախաձեռնել է Հայաստանի խորհրդարանը: Նա այս հարցում կարևորել է եվրոպական տարբեր երկրներում ալևիների միության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը:
Ֆրանսիայի ալևիների միության նախագահ, եվրոպական տարբեր երկրների ալևիների միության փոխնախագահ Էլդար Քլչքայան կարևորել է Թուրքիայի կողմից անցյալի մեղքերը գիտակցելը՝ նշելով, որ 21-րդ դարը երկխոսելու ժամանակաշրջան է: Նա ներկայացրել է իրենց կազմակերպության գործունեությունն ու առաջիկա անելիքները: