ՀՀ կառավարության նիստի ժամանակ՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը, ներկայացնելով ՀՀ ԱԺ-ի մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված Դեղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունների նախագիծը, ասաց, որ նախագծում երկու առաջարկություն էր զետեղված:
Նախ՝ առաջարկվում է ՀՀ տարածքում դեղեր ներմուծելու առանց լիցենզավորման իրավունք վերապահել նաև հիվանդանոցներին՝ բժշկական հաստատությունների դեղատնային գործունեության համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, ինչը , սակայն, փոխնախարարի կարծիքով՝ հաշվի առնելով մեծածախ դեղերի ներմուծման լիցենզիայի սպեցիֆիկ պայմանները, որն առաջարկում է կառավարությունը, նպատակահարմար չեն համարում, միևնույն ժամանակ նա նշեց, որ ցանկացած հիվանդանոց դեղերի մասին օրենքի համաձայն կարող է առանձնացված կարգով դիմել մեծածախ դեղերի ներմուծման լիցենզիայի և ստանալու դեպքում իրականացնել այդ գործունեությունը:
Երկրորդ առաջարկությունը վերաբերվում է ֆիզիկական անձանց: Առաջարկվում է անձնական օգտագործման դեղերի ներմուծման իրավունք ունեցող ֆիզիկական անձից բացի այդ իրավունքը վերապահել նաև նրա ընտանիքի անդամներին, սակայն օրենքի առաջարկվող նախագծով բավական լայն շրջանակ է ընտանիքի անդամների թվարկված՝ ամուսին, ծնող, որդեգրած ծնող, հոգեզավակ, եղբայր, տատ, պապ, թոռ: ՀՀ առողջապահության փոխնախարարն ասաց, որ սա հակասում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի դրույթներին, որով ընտանիքի անդամ են հանդիսանում ընդամենը ամուսինը և երեխաները: