Հայաստան Քաղաքական 

Կառավարության կազմի մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը: Փոփոխություններին կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ՝ 30:

Փոփոխությունների արդյունքում ՀՀ կառավարությունը կազմված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և 17 նախարարից՝ ներկայիս 18-ի փոխարեն: Կառավարությունը կհամարվի կազմավորված, երբ նշանակված կլինի կառավարության անդամների երկու երրորդը: Նախագծով ամրագրվում են նաև այն դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել: Սահմանվում են ՀՀ կառավարության կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը` ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև կառավարության անդամների գործունեության երաշխիքները:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն:

Սահմանվում են կառավարության աշխատակարգը, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների իրավասությունները, հրաժարական ներկայացնելու կարգը: Ընդունվելու պարագայում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ կմտնի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրը:

Նախատեսվում է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, թեպետ վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է ընթանալ դռնբաց:

Սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը և դրանց կազմավորման կարգը, կառավարությանը, վարչապետին ու նախարարություններին ենթակա մարմինները:

 

 

Նույն շարքից