Քաղաքական Միջազգային Բարի օր 

Արտասահմանյան ԶԼՄ-ները Պուտինին են մեղադրում Սկրիպալի դեմ կատարված մահափորձի մեջ

Արտասահմանյան մամուլի էջերն այս օրերին ողողված են ռուս լրտես և  երկակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման վերաբերյալ նյութերով: Independent-ը գրում է, որ բրիտանական կառավարությունն ասում է, որ գործը հետաքննվում է որպես սպանության փորձ: The Times-ն այս մասով գրել է, որ հաշվի առնելով պուտինյան ռեժիմի սերն այլ երկրների հողի վրա քաղաքական սպանություններ կատարելու հանդեպ, սպանության փորձի վարկածը կարելի է իրատեսական համարել:  Sueddeutsche Zeitung-ն էլ գրում է, որ Մոսկվան փորձում է իրեն զոհի կարգավիճակում ներկայացնել և նվազեցնել կատարվածի նշանակությունը:

Նշենք, որ 2012 թվականի նոյեմբերին Մեծ Բրիտանիայից Սկրիպալի և վերջինիս դստեր նման քաղաքական ապաստան խնդրող Ալեքսանդր Պերեպիլիչնին հանկարծամահ եղավ: Ըստ որոշ թերթերի, եթե այս սպանությունը պատվիրվել էր ՌԴ-ի կողմից, ապա այն եղել էր նախազգուշացում: Սկրիպալը Մեծ Բրիտանիայում զբաղվել է լրտեսությամբ, այնուհետև բանտ նստել, որից հետո վայելում էր իր անհոգ թշակառուի կյանքը Անգլիայում և այս միջադեպը նույնպես զգուշացում էր բոլոր գործակալներին և լրտեսներին, որ պուտինյան վրեժից չեն կարող խուսափել:

The Times-ը՝ հղում անելով իր՝ բրիտանական կառավարությունում ունեցած աղբյուրներին, գրում է, որ նախաքննությամբ հայտնաբերված որոշակի նշաններ վկայում են, որ մահափորձը կատարվել է  պետության օգնությամբ: Նախաքննության ընթացքում կքննվեն նաև Սկրիպալի կնոջ՝ Լյուդմիլա Սկրիպալի մահը, ով 2012 թվականին մահացել էր քաղցկեղից, ինչպես նաև 2014-ին Սկրիպալի որդու մահը: ԶԼՄ-ն նշում է, որ եթե պարզվի, որ մահափորձի ետևում կանգնած է Ռուսաստանը, ապա սա կլինի առաջին հայտնի դեպքը, երբ Կրեմլը փորձում է լրտեսների փոխանակումից հետո սպանել գործակալին: Բացի այդ, 1937-ին Լեվ Տրոցկու որդու սպանությունից հետո սա կլինի առաջին դեպքը, երբ Մոսկվան վրեժ է լուծում երեխաներից:

The Times-ը նաև չի բացառում, որ կվերանայվեն 14 սպանության գործերը, որոնք ոստիկանությունը չի համարել կասկածելի, բայց կարող են կապ ունենալ Ռուսաստանի հետ:

Financial Times-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Սկրիպալի և նրա դստեր դեմ իրականացված մահափորձը կարող է ռուս-բիրտանական հարաբերությունների սառեցման առիթ դառնալ:

The Daily Mail-ն էլ հայտնում է, որ Սերգեյ Սկրիպալի դուստրը իր ՖԲ ընկերներից մեկի այն հայտարարությանը, որ հույս ունի Պուտինին բանտում տեսնել, պատասխանել էր nice: 33-ամյա Յուլիան, ով համարվում է, որ նույնպես հոր հետ միասին թունավորվել է նույն դեռևս անհայտ նյութի միջոցով, 2010-ին, երբ հայրը քաղաքական ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում, տեղափոխվել է Լոնդոն:   2012-ին քաղցկեցից մահանում է Սկրպալի կինը, իսկ 2014-ին էլ Ռուսաստանում  մահանում է նրա  որդին, ով ընկերուհու հետ միասին գնացել էր Սանկտ Պետերբուրգ: Հայտնի է, որ նրան լյարդի անբավարար գործունեության դիագնոզով տեղափոխում են Սանկտ Պետերբուրգի հիվանդանոց, որտեղ էլ նա մահանում է:

Sueddeutsche Zeitung-ն էլ գրում է, որ ռուսական ԿԳԲ-ի նախկին աշխատակից Պուտինի համար շատ մեծ նշանակություն ունի հետախուզությունն ու հակահետախուզությունը, և հետաքրքիրն այն է, որ ռուսական հատուկ ծառայությունների և մաֆիայի գործողությունները երբեմն փոխկապակցված են. «Այսպես՝ 2006-ին Ալեքսանդր Լիտվինենկոն մահացավ ոչ թե այն բանի համար, որ քննադատում էր Պուտինին, այլ նրա համար, որ կազմակերպված հանցավոր խմբերի մասով հետաքննություն էր անցկացնում: Թույնը հայտնվեց նրա թեյի մեջ այն բանից հետո, երբ նա իսպանացի քննիչներին հայտնեց պետերբուրգյան մաֆիոզների գործողությունների մասին: 2016-ին լոնդոնյան դատավորը եկավ այն եզրահանգմանը, որ մարդասպանները թունավորել են Լիտվինենկոյին: Նա միայն ամենաաղմկահարույց դեպքն է: Անցյալ տարի հունիսին Buzzfeed հայտնեց, որ վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում կասկածելի հանգամանքներում մահացել է 14 մարդ: Նյութի հեղինակները՝ հղում անելով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ոստիկանության և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների խոսակցություններին, եկել էին այն եզրահանգմանը, որ հետքերը տանում են դեպի Մոսկվա: Սակայն, Մոսկվայի և Լոնդոնի միջև հարաբերություններն էլ ավելի չփչացնելու համար ընթացք չտրվեց այս կասկածներին»:

 

Նույն շարքից