Կահիրեում Արաբական երկրների լիգայի արտգործնախարարները որոշել են իրենց աջակցությունը հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման մասով Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի պլանին և Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք: Այս մասին հայտնում է AP գործակալությունը:
Գործակալությունը, հղում անելով Լիգայի ղեկավար, Եգիպտոսի նախկին արտգործնախարար Ահմեդ Աբուլ Հեյթային, գրում է, որ կազմակերպությունը որոշել է հակազդել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ կապված Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետ՝ այն անվանելով վտանգավոր և անօրինական:
Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանն ուղղված Աբբասի պլանին, ապա նա այն ներկայացրել է փետրվարին, ՄԱԿ-ի Անգտանգության խորհրդում: Պլանով առաջարկվում է ճանաչել Պաղեստին պետությունը՝ 1967 թվականի սահմաններով, և միջազգային մեխանիզմ ստեղծել իրավիճակը կարգավորելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց անցած տարի դեկտեմբերին: