Հասարակություն Բարի օր 

Ինչպե՞ս են նշում մարտի 8-ը տարբեր երկրներում

Մարտի 8-ը համարվում է կանանց միջազգային օր: Կանանց միջազգային օրվա ժամանակակից տոնն այլևս նպատակ չունի հաստատելու կանանց հավասարությունը, այն համարվում է գարնան, կանացի գեղեցկության, քնքշության, հոգևոր իմաստության և կնոջ նկատմամբ ուշադրության օր: Տոնի ստեղծման պատմությունը հետևյալն է՝ 1910 թ.-ին Կոպենհագենում տեղի ունեցավ աշխատավոր կանանց միջազգային երկրորդ համաժողովը, որի ժամանակ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց խմբի առաջնորդ Կլարա Ցետկինն առաջ քաշեց Կանանց միջազգային օրվան նվիրված տոնի գաղափարը: Նա առաջարկեց կանանց տոնը բոլոր երկրներում նշել նույն օրը ` մարտի 8-ին: Տոնի նպատակը կանանց սեփական իրավունքների համար պայքարն էր: Կա նաև կարծիք, որ 1857 թ. մարտի 8-ին Նյու Յորքում կայացած առաջին «դատարկ կաթսաների երթ»-ն է հենց  կանանց միջազգային օրվա տոնակատարության հիմնական նախադրյալներից մեկը:

1975 թվականին Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ կանանց միջազգային օրը ձեռք բերեց պաշտոնական կարգավիճակ: Մի շարք երկրներում նշվում է մարտի 8-ը, բայց կան նաև երկրներ, որտեղ այս տոնն ուղղակի անտեսվում է:

Գերմանիայում տարբեր ժամանակներում տոնը նշվում էր, այնուհետև մոռացվում: Այսօր գերմանացիները, ինչպես նաև ֆրանսիացիները նշում են մայրերի օրը: Բուլղարիայում այս տոնի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Բուլղարացի կանայք հաճախ մոռանում են և նույնիսկ հրաժարվում  տոնել այս օրը: Չինաստանում մարտի 8-ն անցնում է շատ հանգիստ և աննկատ՝ ոչ մի վարդեր և կակաչներ: Իտալիայում և Լիտվայում մարտի 8-ը տոնի պետական կարգավիճակ չունի: Իտալիայում ամեն տարի այս օրը կանայք հավաքվում են մեծ խմբերով և ուղղակի ուրախ ժամանակ անցկացնում: Իտալացի կանայք տոնում են մարտի 8-ն առանց ամուսինների:

Լիտվայում մարտի 8-ը տոնում է միայն ռուսալեզու բնակչությունը: Բելառուսում մարտի 8-ի տոնը սկսվում է երեկոյան ժամը յոթից և  պաշտոնապես համարվում է հանգստյան օր:

Կանանց միջազգային օրվան Ղազախստանի բոլոր տղամարդիկ մանրակրկիտ նախապատրաստվում են և պլանավորում, թե ինչ նվեր են գնելու մոր, դստեր, մորաքրոջ, տատիկի, ընկերուհու կամ կնոջ համար: Այդ օրը համարվում է հանգստյան օր: Ղազախստանում այս օրն ասոցացվում է մայրության հետ և նվերն առաջին հերթին տալիս են մայրիկին:

Թուրքմենստանի բնակիչների համար մարտի 8-ը նշանակալից տոն դարձավ 2017-ին, երբ  Թուրքմենստանի կանանից յուրաքանչյուրին նվիրեցին 11 դոլար: Այս օրը Թուրքմենստանի կանայք ստանում են նվերներ նաև նախագահի կողմից: Բոլոր կանայք, ովքեր աշխատում են պետական համակարգում կամ սովորում են մարտի 8-ի կապակցությամբ  ստանում են նպաստներ, կրթաթոշակներ, հավելավճարներ:

Լեհաստանում աղջիկներին և կանանց մարտի 8-ի կապակցությամբ հազվադեպ են ծաղիկներ նվիրում, սակայն այս օրը կազմակերպվում են խնջույքներ, որոնց ժամանակ ուշադրության կենտրոնում կանայք են: Այս օրը Լեհաստանում չի համարվում հանգստյան օր:

Վիետնամում մարտի 8-ին շատ լուրջ են վերաբերվում: Ժամանակին այնտեղ նշվում էր Չինգ քույրերի հիշատակի օրը, ովքեր 2000 տարի առաջ  քաջարի պաշտպանել են  իրենց հայրենիքը: Այսօր այդ տոնը նշվում է մարտի 8-ին: Կազմակերպվում է ճոխ տոնակատարություն:

Կուբայում նույնպես մեծ նշանակություն են տալիս մարտի 8-ին:  Այս օրն այնտեղ հատուկ իմաստ ունի՝ օդում տիրում է հեղափոխության և ազատության ոգին: Մարտի 8-ի տոնակատարության մեջ Կուբայում  ներդնում են հեղափոխական ոգևորություն:

Ուգանդայում նույնպես տոնում են մարտի 8-ը: Լեգենդի համաձայն Ուգանդայի կանանցից մեկը փայտե շերեփով  հարվածել է Աստծուն: Այդ ժամանակից ի վեր այդ կնոջ երկիրը դարձել է անպտուղ և սակավաջուր: Եղած ջրերում էլ  հիմնականում օձեր են բնակվում, որոնք էլ համարվում են կանանց խորհրդանիշը: Ուգանդայի շատ կանայք շարունակում են ավանդույթը և լողում  լրիվ մերկ՝ հուսալով, որ իրենց նախնինները ջրի միջոցով պատասխաններ  կտան իրենց մտահոգող հարցերի շուրջ:

Մարտի 8-ը նշվում է նաև Անգոլայում, Բուրկինա Ֆասոյում, Քենիայում, Գվինեա-Բիսաում, Մադագասկարում, Զամբիայում, Կամբոջայում, Լաոսում, Կոնգոյում, Մակեդոնիայում, Նեպալում, Մոնղոլիայում և  Հյուսիսային Կորեայում:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից