Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում մարտի 11-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 20։00-ի դրությամբ, երբ փակվել են ընտրատեղամասերը, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 հազար 246 ընտրող։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից։
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Եղեգնավան, Արմավիրի մարզի Դաշտ, Մեծամոր, Ծաղկալանջ, Լոռիի մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Կոտայքի մարզի Հացավան, Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում, արտահերթ ընտրություններ` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
Ըստ համայնքների ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցուցանիշները՝ ստորև.

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 31 քաղաքացիներից 12-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:
Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 2-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:
ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 14 համայնքներից 12-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, իսկ Նորամարգ և Դեբետ համայնքներում քվեարկվելու են համապատասխանաբար 3 և 4 թեկնածու:
Ավագանու անդամի գրանցված 146 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 8 թեկնածու:
Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 138 թեկնածուներից 75-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 62-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 1 թեկնածու՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից: Ավագանու անդամի 138 թեկնածուներից 15-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: