Հասարակություն Տնտեսություն 

Քաղաքապետարանը նախազգուշացրել է ուղևորափոխադրողներին

analitik.am

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ նշվել է, որ ձյան տեղումներով պայմանավորված ուղևորափոխադրումներ իրականացնող որոշ ընկերություններ սպասարկումն իրականացրել են ոչ լիարժեք մեքենաքանակի ապահովմամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել խորհրդակցության և խստորեն նախազգուշացնել կատարել ստանձնած պայմանագրային պարտավորությունները:

 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

«Ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու որևէ պատճառաբանություն մեր կողմից ընդունելի չի կարող լինել, հատկապես հաշվի առնելով, որ դա պայմանագրային պարտավորություն է, ինչը ենթադրում է նաև շատ որոշակի պատասխանատվություն, ընդհուպ լիցենզիայից զրկում, եթե ընկերությունը պատշաճ սպասարկում չի իրականացնում: Խստորեն նախազգուշացրեք բոլորին, որ կատարեն ստանձնած պարտավորությունները և չփորձեն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորել իրենց գործունեությունը: Մեզ համար առաջնահերթը մեր համաքաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովումն է, ինչը և նրանք պարտավոր են կատարել: Խստորեն հետևեք, որպեսզի ապահովվի անհրաժեշտ մեքենաքանակ և որ երթուղիները սպասարկեն սահմանված ժամանակացույցով»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության դեկտեմբերի 12-ին նախատեսված մրցույթի հետ կապված էլ զեկուցվել է, որ հայտերի չլինելու պատճառով այն հերթական անգամ չի կարող կայանալ:


Նույն շարքից