Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանին փոխարինողներ կան նաև հենց Հանրապետականում. Մանե Թանդիլյան

Այս հայտարարություններով ՀՀԿ-ականները խոստովանում են, որ ունենալով այդքան ռեսուրս, այդուհանդերձ, սնանկ են: Ազատության հետ զրույցում  հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ խոսելով ՀՀԿ-ականների այն պնդումների մասին, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:

Թանդիլյանի խոսքերով, եթե դա այդպես է, ուրեմն մի ամբողջ պետութուն կախված է մի անձից, և եթե այդ անձը չլինի, պետությունը վարի է գնալու, ինչն իրականում այդպես չէ. «Հանրապետականներն ուղղակի աուրա են ստեղծում, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը շարունակվի: Երբ Սարգսյանը հայտարարում էր վարչապետի և նախագահի պաշտոնում չառաջադրվելու մասին, փոխարինող կա՞ր»:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, երբ Սերժ Սարգսյանը հայտարարի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին, նշելու է, թե իրավիճակ է փոխվել, իսկ հայտնի հայտարարությունն այն ժամանակվա համար էր:

Ինչ վերաբերում է հնարավոր փոխարինողներին, ապա  Թանդիլյանը կարծում է, որ այդպիսիք կան նույնիսկ հենց ՀՀԿ-ի ներսում. «Պետական մտածելակերպն է պահանջում, որ ղեկավարը 2-3 հետնորդ ունենա: Այդ հետնորդներին պետք է պատրաստի հենց առաջնորդը: Բանն այն է, որ տարիների ընթացքում մարդկանց մոտեցումները տարբեր հարցերի մասով հնանում են և նոր մտածելակերպով մարդկանց կարիք է լինում»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ անփոխարինելությունը վատ է նաև ժողովրդավարության տեսանկյունից:

Թանդիլյանը նաև նշել է, թե ԵԼՔ-ի համար կարևոր է, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ և ՀՀԿ-ն լինի ընդդիմություն:

Նույն շարքից