գլխավոր Իրավական Հարցազրույց 

Սէֆիլյանը չգիտեր ՊՊԾ-ի մասին. Արայիկ Պապիկյանը՝ Ժիրայր Սէֆիլյանի գործի մանրամասների մասին

Analitik.am-ը Ժիրայր Սէֆիլյանի դեմ առաջադրված մեղադրանքների, Սէֆիլյանի և ««Սասնա Ծռեր»» խմբի կապի և այլ հարցերի շուրջ զրուցեց  Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ:

Պարոն Պապիկյան, մի փոքր խոսենք Սէֆիլյանին առաջադրված մեղադրանքների մասին։ Սէֆիլյանին առաջադրվել է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող ուղղակի դիտավորությամբ զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքի մասին։ Ի՞նչ ապացույցներ կան և ինչի՞ հիման վրա է առաջադրվել այս մեղադրանքը։

Ժիրայր Սէֆիլյանին առաջադրված այդ մեղադրանքի հիմքը կազմում են նրա 2 հրապարակային ելույթները, ինչպես նաև տարբեր վայրերից (բնակարաններ, գրասենյակներ) մի շարք առգրավված առարկաներ: Դրանցից են օրինակ՝ դրոշակներ, պատյանով դանակ, սուր, բուկլետներ, թուր, բարձրախոսներ, տեսասկավառակներ, էլեկտրապարպիչ, փայտե մահակներ, մետաղե ձողեր և այլն: Այս առարկաների հիմնական մասը, ըստ փորձաքննության եզրակացության, սառը զենք չեն հանդիսանում, դրանց հիմնական մասը կենցաղային բնույթի առարկաներ են, իսկ մի մասն էլ գրասենյակային առարկաներ են: Ինչ վերաբերում է Սէֆիլյանի ելույթներին, ապա դրանք հնչել են 2014 թ. նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 3-ին, իսկ նրան մեղադրանք առաջադրել են 2015 թ. ապրիլի սկզբին:

Կոնկրետ Սէֆիլյանի բնակարանում նրա զինվորական պայուսակից հայտնաբերվել է գործարանային արտադրության դանակ և գործարանային եղանակով պատրաստված փոխագուցավոր մահակ: Ըստ մեղադրանքի՝ դրանցով հաստատվել է այն հանգամանքը, որ Սէֆիլյանը «նախապատրաստել է կազմակերպել 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, զանգվածային անկարգություններ»։

Միանշանակ, կարող եմ պնդել, որ Սէֆիլյանին առաջադրված մեղադրանքն իրավաբանության հետ առնչություն չունի, այն կրում է ակնհայտ քաղաքական բնույթ և պատվիրված է քաղաքական իշխանության կողմից:

Սեֆիլյանը մեղադրվում է նաև այն բանի համար, որ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք է ձեռք բերել, պահել և փոխադրել՝ նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն, ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել: Ի՞նչ կասեք այս մասին, ի՞նչն է դրվել այս մեղադրանքի հիմքում։

Այս մեղադրանքի հիմքերը կազմում են հայտնաբերված 2 ինքնաձիգերը, 120 փամփուշտները, որոնց հետ Սէֆիլյանը որևէ առնչություն չունի, ինչպես նաև նախաքննական որոշ ցուցմունքներ, որոնցից դատարանում փաստացի մնաց մեկը: Այսպես կոչված կազմակերպված խմբի մեջ եղել են միմյանց չճանաչող անձինք, նրանցից շատերը երբևէ չեն տեսել կամ հանդիպել Սէֆիլյանին: Այս կազմակերպված խումբը ձևավորվել է ԱԱԾ-ի ուղղակի միջամտությամբ և ուղղորդմամբ: Եթե նախաքննության ընթացքում իրավունքին խորթ միջոցով կամ մեթոդով ապացույցներ են հավաքել, ապա դրանք լիովին փլուզվեցին դատարանում: Բացառությամբ մեկ անձի, «կազմակերպված խմբի» մյուս բոլոր անդամները դատարանում հայտնեցին, որ իրենց նախաքննական ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը, դրանք կորզվել են կամ խաբեության, կամ ճնշումների միջոցով: Ըստ մեղադրողի դատարանում անձինք փոխելով իրենց ցուցմունքները, նպատակ են հետապնդում ազատվել քրեական պատասխանատվությունից կամ մեղմ պատիժ ստանալ: Ստացվում է, որ այդ նույն անձինք նախաքննության ժամանակ ցուցմունք էին տալիս ծանր պատիժ ստանալու նպատակով: Իհարկե սա անհեթեթ ենթադրություն է, բայց մեղադրանքի տրամաբանությունն է:

Այս մեղադրանքի շինծու լինելու փաստերը դրված են մեղադրանքի մեջ. օրինակ՝ մինչ օրս և՛ մեղադրողը, և՛ փաստացի դատարանը պնդում են, որ առկա է 120 փամփուշտ, սակայն դատարանում հետազոտել ենք 100-ը, դատարան ներկայացվել են այլ ինքնաձիգեր, որի մասին հայտնեց դրանց նախկին տերը, և այլն:

Ամփոփելով այդ առեղծվածային ինքնաձիգերի հարցը՝ նշեմ, որ բացարձակապես ոչ մի փաստ կամ ապացույց գոյություն չունի, որ Սէֆիլյանը դրանք ունեցել է կամ դրանց առնչվել է: Անգամ Հովհաննես Պետրոսյանը կամ Հրայր Թոփչյանն իրենց որևէ ցուցմունքի մեջ չեն նշել, որ դրանք իրենց տվել է Սէֆիլյանը: Սէֆիլյանը այդ զենք-զինամթերքի մասին տեղեկացել է երբ իրեն մեղադրանք են առաջադրել:

Դուք Ձեր պաշտպանական ճառում նշում եք, որ Սէֆիլյանի նկատմամբ նույն արարքի համար երկու հետապնդում է տեղի ունեցել, կմանրամասնեք՝ ինչի՞ մասին է խոսքը։

Հորինված զանգվածային անկարգություներ նախապատրաստելու մեղադրանքով Սէֆիլյանի պաշտոնական հետապնդումը 2015 թ. փետրվարի 18-ին սկսվել է քննչական կոմիտեում, մինչ այդ՝ սկսած 2014 թ. մայիսի 21-ից ԱԱԾ-ն սկսել է հետապնդումները, սակայն ոչ թե զանգվածային անկարգություներ նախապատրաստելու, այլ՝ իշխանությանը տիրանալու ենթադրությամբ (հարուցված քրեական գործ չի եղել): 2015 թ. փետրվարի 18-ից հետո այդ երկու մարմինները զուգահեռաբար շարունակել են Սէֆիլյանի հետապնդումները՝ գաղտնալսումներ, արտաքին և ներքին դիտում և այլն: Ուշագրավ է, որ ԱԱԾ-ն շարունակում է իշխանությանը տիրանալու գործով հետապնդումները և ստացված տվյալները փոխանցում է քննչական կոմիտե, որտեղ դրանք միացվում էին զանգվածային անկարգություներ նախապատրաստելու մեղադրանքին: Պետք է նշեմ, որ Սէֆիլյանի այս մեղադրանքի մի մասը՝ հրապարակային ելույթները հավաքել է ԱԱԾ-ն, իսկ մյուս մասը՝ դանակը, մահակը՝ հավաքել է ՔԿ-ն: Առնվազն պաշտոնական տվյալներից պարզ է, որ Սէֆիլյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին միայն ԱԱԾ-ից և ՔԿ-ից մասնակցում էին ավելի քան 70 պաշտոնյաներ (քննիչներ, պետեր, այլոք), իսկ ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը մի քանի հարյուր էր: Պետությունն աննախադեպ միջոցներ էր ծախսում հորինելու զանգվածային անկարգություներ նախապատրաստելու մեղադրանք, որպեսզի Սէֆիլյանին բանտարկի:

 Սեֆիլյանի դատավարության ժամանակ բազմիզս ահազանգել եք, որ գործը քննվում է ակնհայտ օրենքի խախտումներով, ըստ Ձեզ, դատավարության ընթացքում թույլ տրվե՞լ են այնպիսի խախտումներ, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ դատավարության ելքի վրա։

Իմ կարծիքով դատավարության ելքի վրա ազդող միայն մեկ գործոն կա՝ գործի քաղաքական պատվերն է: Մնացյալ բոլոր գործընթացները պարզապես սպասարկում են այդ պատվերին: Հետևաբար դատավարության ելքը կանխորոշված է ի սկզբանե: Նույնիսկ այդպիսի պայմաններում, դատարանը Ժիրայր Սէֆիլյանին երբեք թույլ չտվեց արտահայտվել, թույլ չտվեց նրան օգտվել իր իրավունքից և ցուցմունք տալ: Նրան կալանավորել են լռեցնելու նպատակով, դատարանում ևս նրան «լռեցրին»՝ պարբերաբար հեռացնելով դահլիճից, թույլ չտալով ցուցմունք տալ, գործի մեծ մասն էլ քննվեց առանց Սէֆիլյանի պաշտպանների մասնակցության:

Ձեր հարցը ինձ հիշեցրեց մեկ պատմական իրողություն. 1953 թվականին, երբ բռնապետական Կուբայի դատարանում քննվում էր ընդդիմադիր Ֆիդել Կաստրոյի գործը, նրան դատարանը թույլ տվեց հանդես գալ ելույթով: Կաստրոն ծավալուն ելույթ ունեցավ և լիովին մերկացրեց բռնապետական ռեժիմին, նրա խոսքը չընդհատեցին: Սա եղել է 65 տարի առաջ բռնապետությունում, երբ իրավունքն այսքան զարգացած չէր: Ներկայիս Հայաստանում Սէֆիլյանը դատարանում զրկված է արտահայտվելու բոլոր հնարավորություններից:

Դուք դատավարության ամբողջ ընթացքում բազմաթիվ անգամներ դատավորին ինքնաբացարկի միջնորդություններ եք ներկայացրել, ինչպես նաև կասկածի տակ եք դրել դատավորի մասնագիտական գիտելիքները, որքանո՞վ է դա նպաստելու Ձեր պաշտպանյալների վիճակի բարելավմանը։

Դատավորի կողմից ինքնաբացարկի միջնորդության բավարարելու կամ մասնագիտական բավարար գիտելիքներ ունենալու պայմաններում անգամ ես չեմ կարող հավատալ, որ դա կնպաստեր մեր պաշտպանյալների վիճակի բարելավմանը: Համոզված կարող եմ պնդել, որ Հայաստանում չկա այն դատավորը, ով Սէֆիլյանի գործով կիրականացնի արդարադատություն: Թեև դատավորի անձը որոշակի նշանակություն ունի, այդուհանդերձ, անկախ դատարանի բացակայության պայմաններում, երբ քաղաքական բնույթի գործ է քննվում, ապա որևէ դատարան չի կարող իրավունքի սկզբունքներին համապատասխան դատական ակտ կայացնել, այդ ակտը անխուսափելիորեն պետք է բխի/թելադրվի քաղաքական իշխանության վերին օղակից:

Դատավարությանը հետևելիս զանգվածային անկարգությունների մասով, թերևս, մեղադրանքը կարելի է անհիմն համարել, սակայն շենքշինություններ զավթելու, զենքի տեղափոխման վերաբերյալ մեղադրանքը, հաշվի առնելով այն, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Պավել Մանուկյանը և Միայնակ Գայլը հայտարարություն արեցին ԶԼՄների առջև առ այն, որ զենքը վայր կդնեն միայն, եթե Ժիրայր Սեֆիլյանն իրենց ասի կամ միայն Ժիրայր Սեֆիլյանի հետ շփվելուց հետո, ինչպե՞ս կմեկնաբանեք սա և մի՞թե այս հայտարարությունները չեն հաստատում այն, որ  Ժիրայր Սեֆիլյանը կապ է ունեցել ՊՊԾ գնդի գրավման գործողությունների հետ՝ այս մեղադրանքի առաջադրումն ինչքանո՞վ եք անհիմն համարում։

Իշխանությունը ևս շատ էր ցանկանում, որ կապ ստեղծի շենք-շինություններ զավթելու մեղադրանքի և ՊՊԾ գնդի գործողությունների միջև: Բավականին ժամանակ այդ ուղղությամբ նախաքննություն ընթացավ: Պաշտոնապես 2016 թվականի օգոստոսի 4-ից մինչև նոյեմբերի 16-ը նշված 2 գործերը քննվում էր մեկ վարույթում, քննում էին ՀՔԾ-ում՝ 44 քննիչներով, մյուս իրավապահների աջակցությամբ (ԱԱԾ, ոստիկանություն): Դրանց կապ ստեղծելու բոլոր ջանքերը ձախողվեցին: Իրականում ևս դրանց միջև որևէ կապ չի եղել և չէր էլ կարող լինել: 2016 թ. հուլիսի 24-ին ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց՝ «Ժիրայր Սեֆիլյանը բացարձակապես սրանից տեղյակ չի եղել: Մենք նրան չենք տեղեկացրել, անգամ օղակի վերջում չենք ասել, որ մենք այսպիսի բան ենք անելու: Նա տեղյակ չէ, նրա համար դա անակնկալ է եղել»:  Հետևաբար շենք-շինություններ զավթելու մեղադրանքի և ՊՊԾ գնդի գործողությունների միջև կապի մասին բոլոր տիպի խոսակցություները կրում են բացառապես սպեկուլյատիվ բնույթ:

Անդրադառնալով Արայիկ Խանդոյանի և Պավել Մանուկյանի (նաև մի շարք այլ Ծռերի) հայտարարություններին, պետք է նշեմ, որ դրանք ոչ մի կերպ չեն կարող նշանակել, որ Սէֆիլյանը գիտեր ՊՊԾ-ի մասին, կամ որևէ կապ կա Սէֆիլյանի մեղադրանքի կամ ՊՊԾ գնդի գործողության միջև:

Նախաքննության ընթացքում Հրայր Թոփչյանը ցուցմունքներ է տվել, որ Սէֆիլյանն է զենքեր տվել, ամբողջ նախաքննության ընթացքում, ինչպես նաև առերեսման ժամանակ նա պնդել է իր ցուցմունքները։ Նախաքննության ընթացքում Սեֆիլյանի դեմ ցուցմունքներ են տվել բացի Թոփչյանից նաև Գալուստ Գրիգորյանը և Հովհաննես Պետրոսյանը։ Գալուստ Գրիգորյանի մոտից էլ հայտնաբերվել են հեռուստաաշտարակի գրավման սխեման։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ դատաքննության ժամանակ Թոփչյանը հերքում է իր նախաքննական ցուցմունքները, և ի՞նչ կասեք հեռուստաաշտարակի գրավման սխեմայի վերաբերյալ, ի՞նչ սխեմա էր դա և ի՞նչ կապ ունի Սէֆիլյանը դրա հետ։

Հրայր Թոփչյանի նախաքննական ցուցմունքներին գնահատական տալուց առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրա հետ կատարված բոլոր գործողություններին. այսպես, նա մայիսի 21-ին, որպես կասկածյալ, իսկ մայիսի 23-ին որպես մեղադրյալ տալիս է նույնաբովանդակ ցուցմունքներ (Աջափնյակի քննչական բաժնում), փաստացի պատմում է ողջ ճշմարտությունը:

Հունիսի առաջին օրերին նա տալիս է նոր ցուցմունքներ և ներկայացնում է բոլորովին այլ պատկեր: Սա տեղի է ունենում արդեն քննչական կոմիտեում: Ընդ որում, ՔԿ-ում նրա հետ, այսպես կոչված, աշխատանքը սկսելուց առաջ աշխատում են նախ նրա մերձավոր ազգականների հետ, Թոփչյանին հիշեցնում են, որ բանակում ծառայող 3 որդի ունի, հիշեցնում են, որ նրանց հետագան պայմանավորված է ցուցմունքների բովանդակությամբ: Ո՛չ դատավորը, և՛ ոչ էլ մեղադրողը դատարանում նրան հարց չուղղեց՝ ինչու՞ ես նախաքննության սկզբում այլ բան ասել, հետո՝ այլ, իսկ դատարանում կրկին պնդում ես նախաքննության սկզբում հայտնածը: Հատկապես մեղադրողը պնդում է, որ Թոփչյանը ճիշտ է խոսել միայն նախաքննության մի փուլում:

Ինչ վերաբերում է Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքներին, ապա ձեռնպահ կմնամ դրանց գնահատականներ տալուց: Միայն կնշեմ, որ նրա ցուցմունքները գործում առկա մյուս ապացույցների հետ համադրման դեպքում պարզ է դառնում, որ դրանք Սէֆիլյանի դեմ անհնար է օգտագործել:

Գալուստ Գրիգորյանը Սէֆիլյանի դեմ ո՛չ նախաքննության, և ո՛չ դատաքննության ընթացքում ցուցմունք չի տվել: Նրա անունից նախաքննական ցուցմունքները գրել է քննիչը, բոլոր ցուցմունքները բառիս բուն իմաստով՝ բառացի/տառացի նույնն է, անգամ տառասխալները, իր ազգանունի փոքրատառերով գրելը: Գ. Գրիգորյանը երբևէ Սէֆիլյանին չի տեսել, չի ճանաչել:

Հեռուստաաշտարակի գրավման սխեման հայտնաբերվել է ոչ թե Գ. Գրիգորյանի, այլ Սմբատ Գալոյանի մոտից: Վերջինս Հովհաննեսի բարեկամն է, ով ըստ գործի նյութերի, լուծել է ՊՆ-ի հետ իր պայմանագիրը, գյուղից տեղափոխվել Երևան, միացել Հովհաննեսին՝ վերջինիս օգնելու Սէֆիլյանի «պլանավորած գործողությունները» կատարելու նպատակով: Ոչ ոք, բնականաբար նաև Սէֆիլյանը ոչ մի տեղեկություն չի ունեցել, թե ինչ պլաններ կամ ծրագրեր ունեն Հ. Պետրոսյանը և Ս. Գալոյանը: Նրանք երկուսով ինքնուրույն գործել են, իրենց զրույցների ընթացքում տվել են բազմաթիվ մարդկանց անուններ, և այդ մարդկանց դարձրել են մեղադրյալներ: Այդ սխեման էլ գծել է Հովհաննեսը և տվել Սմբատին: Ոչ ոք դրա մասին չի էլ իմացել: Այս ամենը դատարանում օգտագործում են Սէֆիլյանի դեմ: Սա ծիծաղելի կթվար, եթե այս անհեթեթ վիճակը այլ անձանց համար ճակատագրական հետևանքներ չունենար: Փաստացի այդ 2 անձանց զրույցներն ու գործողությունները պատճառ են դարձել ոչ միայն Սեֆիլյանի, այլ նաև մի շարք այլ անձանց կալանավորման համար:

Երբ ՊՊԾ գունդը գրավեցին, ««Սասնա Ծռեր»»-ը պահանջեցին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, քանի որ ստացվում է, որ այդ մարդկանց գործողությունների նպատակը Սեֆիլյանին ազատ արձակելն են, այս դեպքում ինչպե՞ս կարող ենք կապ չտեսնել ««Սասնա Ծռեր»ի» գործողությունների և Ժիրայր Սեֆիլյանի միջև։

Շատերի համար, և հատկապես՝ իշխանությունների համար, այդ հարցը դարձել է թիվ մեկ հարցը: Ոչ ոք չի ցանկանում նշել «Սասնա Ծռեր»ի հիմնական պահանջներից Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին պահանջը: Իսկ ընդհանուր առմամբ նրանք շատ հստակ ներկայացրին իրենց պահանջները, այն է՝

Նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարական,

Արցախի Հանրապետության որևէ տարածքի հանձնման բացառում,

ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում,

Անցումային կառավարության ձևավորում

Հանցանքներ գործած և պետական պաշտոններ զբաղեցրած անձանց իրավական պատասխանատվության ենթարկում։

Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջը ամբողջությամբ տեղավորվում էր ներկայացված պահանջների մեջ: Սէֆիլյանի քաղբանտարկյալ լինելու փաստը հասկանալի է անգամ քաղաքականապես կույր մարդուն:

Տեսեք, կան որոշակի ընկերական, ավելի շուտ մարտականընկերական հարաբերություններ, որոնք ավելին են երբեմն, քան հարցերն իրավական հարթության մեջ դիտարկելը։ Ինչպես գիտենք՝ Վիտալի Բալասանյանը և Ժիրայր Սեֆիլյանն ունեցել են շատ մտերիմ հարաբերություններ և հրապարակվեց հարցազրույց, որտեղ Բալասանյանը բառացի Սեֆիլյանին ասում է հետևյալը. «Ժիրո, մի արա էս բանը, մի գնա Բերձոր։ Ես քեզ ստիպված զգուշացնում եմ, մի գնա»։ Այսքանից հետո, երբ իշխանությունների հետ մտերիմ մարդը և միաժամանակ Սեֆիլյանի ընկերն ընկերաբար զգուշացնում է նրան, որ չանի նման քայլ, բայց նա անում է, ըստ Ձեզ, հնարավո՞ր է, որ Սեֆիլյանին այսօր պատժում են հենց ընկերական հարաբերությունները խախտելու համար։

Ժիրայր Սէֆիլյանը հետապնդվում է, քանի որ նա իր թիմով, որի մեջ մտնում էին նաև հանրությանը հայտնի հասարակական-քաղաքական բազմաթիվ գործիչներ ևս, մեծ, գուցե նաև միակ վտանգն է ներկայացնում ներկայիս վարչախմբի համար: Նա միակ գործիչն է, ով առանց վարանելու բարձրաձայնում էր թալանի, անօրինականության, տարածքները թշնամուն հանձնելու մասին: Նա բարձրաձայն խոսում է իշխանության դավաճանական քաղաքականության մասին: Նա ոչ թե ընկերական հարաբերություններ էր խախտում, այլ՝ իր հրապարակավ գործունեությամբ մերկացնում էր Հայաստանի շահերին հակառակ գործող յուրաքանչյուրի, որոնց մեջ կարող էին լինել նաև նախկին ընկերներ:

Ժիրայր Սէֆիլյանի համար ընկերական, այն է՝ անձնական հարաբերությունները ստորադասվում էին ազգային շահին:

««Սասնա Ծռեր»ը» բազմիցս հայտարարել են, որ իրենք պայքարել են հողերը հանձնելու դեմ։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը կամ ««Սասնա Ծռեր»»-ի անդամները գնացե՞լ են Արցախ, մասնակցե՞լ են պատերազմական գործողություններին։ Ի՞նչն էր պատճառը, ըստ Ձեզ, որ Սեֆիլյանը կամ ««Սասնա Ծռեր»»-ի անդամները չգնացին Արցախ, որպեսզի այնտեղ թույլ չտան հողեր հանձնել, եթե մտահոգ էին այդ հարցով։

«Սասնա Ծռեր»ից շատերը (գրեթե բոլորը) ապրիլյան քառօրյային ոչ միայն եղել են Արցախում, այլ նրանք եղել են խրամատում, սելֆիներ չեն արել, բայց եղել են: Նրանք ոչ միայն քառօրյային են եղել, այլև խրամատներում մնացել են շատ ավելի երկար, որոշները մինչև մայիսի վերջ: Նրանք առաջարկում էին իշխանություններին թույլ տալ կանոնավոր բանակի ղեկավարմամբ, իրենց և հարյուրավոր այլ ազատամարտիկների ուժերով ազատագրել դավաճանաբար թշնամուն հանձնած 800 հեկտար տարածքը: Նրանք ցասման մեջ էին, երբ Սերժ Սարգսյանն այդ տարածքները անվանեց անպիտան հողեր: Այդ հողերի յուրաքանչյուր սանտիմետրի համար արյուն էր թափվել և՛ 90-ականների սկզբին, և՛ քառօրյայի ժամանակ: Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա Ծռեր»ի այդ մտահոգությունները հանգեցրին նրան, որ այսօր նրանք բանտարկված են:

Ի՞նչ կապ ունի Գևորգ Սաֆարյանը զենքզինամթերք տեղափոխելու մեղադրանքի հետ։

Գևորգ Սաֆարյանը զենք-զինամթերքի հետ որևէ առնչություն չունի և նրան այդ մասով մեղադրանք չեն առաջադրել: Նրան մեղադրանք է առաջադրվել հայրենասեր լինելու համար:

Եվ վերջում, ի՞նչ սպասելիքներ ունեք։ Ի՞նչ վճիռ եք ակնկալում։

Ցավով պիտի նշեմ, որ որևէ ակնկալիք չունեմ: Հասկանում եմ, որ չեմ կարող արդարացի և օրինական դատավճիռ ակնկալել: Ներկայիս իշխանությունների, անկախ և արդար դատարանի բացակայության պայմաններում քաղաքական հետապնդումներով արդարություն ակնկալելը միամտություն է: Գուցեև դատարանը Սէֆիլյանին չազատազրկի 11 տարի ժամկետով, որը պահանջեց մեղադրողը, բայց անգամ 1 կամ 10 տարի ժամկետը ևս չի կարող համարվել արդարադատություն: Բոլորին պարզ է՝ Սէֆիլյանի դեպքում չի կարող լինել որևէ միջանկյալ լուծում՝ կամ ազատազրկում (ժամկետը էական չէ)՝ քաղաքական իշխանության քմահաճույքին համապատասխան, կամ՝ ամբողջական արդարացում:

 

  • 57
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 4
  •  
  •  
    61
    Shares

Related Articles