Առողջապահություն Բարի օր Հասարակություն 

Օրենքը մեղավոր չէ, օրենքը հանողներն են սխալ ձևակերպել և իրականացրել.Դեղատան աշխատակիցները՝ դեղերը դեղատոմսերով վաճառելու որոշման մասին

analitik.am

Հայտնի է, որ մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ Առողջապահության նախարարության կողմից դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ որոշումը  մարդկանց մոտ խուճապ և դժգոհություն առաջացրեց: Շատերը մի քանի օրվա ընթացքում սկսեցին մեծ քանակությամբ դեղեր գնել, հիմնականում հակաբիոտիկներ և հորմոնային դեղամիջոցներ: Մարդիկ վախեցած էին,որովհետև մարտի 1-ից հնարավոր է չկարողանային ձեռք բերել այն դեղամիջոցները, որոնք ամենաշատն են անհրաժեշտ:

Մարտի 6 -ին կառավարությունն արդեն պաշտոնապես որոշում կայացրեց, որի համաձայն դեղերը միայն դեղատոմսով բաց թողնելու գործընթացը պետք է կատարվի փուլ առ փուլ: Որոշումը կայացվեց մարտի 6-ին, սակայն այն սկսել էր գործել մարտի 1-ից: Առաջին փուլով դեղատոմսով պետք է դուրս գրվեն հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղամիջոցները, երկրորդ փուլով՝ բոլոր ներարկային, իսկ երրորդ փուլով՝ համապատասխան ցուցակում ընդգրկված բոլոր դեղամիջոցները:

Հիշեցնենք, որ Analitik.am -ն այս մասին զրուցել էր նաև բժիշկների և քաղաքացիների հետ, որոնց մեծամասնության կարծիքով օրենքը բավականաչափ կարգավորված չէ, և պետք է առավելագույնս տեղեկացվածություն ապահովվի քաղաքացիների համար, որպեսզի զերծ մնանք հետագայում առաջացող խնդիրներից : Բժիշկներից մի քանիսի կարծիքով էլ այս օրենքը պոլիկլինիկաներում կսրեն առանց այդ էլ կաթվածահար եղած վիճակը՝ հերթեր, բժիշկների ծանրաբեռնված աշխատանք, ինչն էլ չի կարող չազդել հիվանդի բուժման վրա: Մեկ այլ բժշկի կարծիքով էլ կոռուպցիոն ռիսկերն այս օրենքի կիրառումից հետո ավելի կշատանանան:

Դեղերը դեղատոմսով դուրս գրման որոշման վերաբերյալ Analitik.am -ը զրուցեց դեղատների աշխատակիցների հետ: Դեղատան աշխատակիցներից շատերը խուսափեցին պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ այս որոշման վերաբերյալ տնօրինությունն արգելել է խոսել լրատվամիջոցների հետ: Սակայն, գտնվեցին դեղատներ, որտեղ աշխատակիցներն արտահայտեցին իրենց տեսակետը: Նրանցից մեկն ասաց,որ այս պահի դրությամբ վիճակն ավելի հանգիստ է, քան՝ մարտի 1-ին և 2-ին. «Դիմում են հիմնականում առանց դեղատոմս, բայց չենք տալիս, մեծ մասը նույնիսկ հիմա, երբ մասնակի կասեցվել է, առանց դեղատոմսի են դիմում, որովհետև մարդիկ պատրաստ չեն այս տեսակ գլոբալ փոփոխության»:

Դեղատան աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ դեղատոմսով դուրսգրման վերաբերյալ ոչ մի զգուշացում չի եղել, ոչ մի պաշտոնական ձև չեն տրամադրել. «Դեղատան տնօրինությունը չի կարող գնալ ասել՝ ինձ նոր օրենքի մասով ձև տվեք, դա իրենք պետք է անհատական յուրաքանչյուր դեղատանը զգուշացնեին: Ցանցային դեղատների մասով ամեն ինչ պարզ է, ցանցի ղեկավարին տալիս են, բերում է և բաժանում, իսկ անհատներին ոչ մի զգուշացում չի եղել»:

Նրանց խոսքով, նախևառաջ պետք է լիներ դեղատոմսի ձև, ընդ որում՝ երկու օրինակ՝ մեկը բժշկի, մյուսը՝ դեղատան աշխատողի համար. «Օրինակ ես լրացնեի այդ դեղատոմսը հետո հանձնեի առողջապահության նախարարություն, իսկ մյուսի վրա, եթե օրինակ տվյալ դեղը չունեմ, փոխարինողը գրեմ»,- նշեց դեղատան աշխատակիցը:

Դեղատներում ասում են նաև,որ դեղատոմսով դուրս գրվող դեղերն այնպիսի դեղեր են, որ այսպես թե այնպես իրենք առանց դեղատոմսի չեին տալիս.«Ոչ մի իրեն հարգող դեղագետ չի նշանակի հորմոնային ու հակաբիոտիկ դեղամիջոցներ, որովհետև մենք չունենք այդ իրավասությունը»:

Մեկ ուրիշ դեղատան աշխատակից էլ ավելացրեց. «Օրենքը մեղավոր չէ, օրենքը հանողներն են սխալ ձևակերպել և իրականացրել, ամեն ինչ շատ միանգամից արեցին, դրա համար չընդունվեց ու առաջացավ խառնաշփոթ»:

Մի քանի դեղատներում անընդհատ շեշտում էին, որ կան դեղամիջոցներ, որոնք ամեն վարկյան կարող են պետք գալ հատկապես մայրիկներին, օրինակ մանկական ջերմիջեցնողները. «Ասենք իմ երեխան հիվանդ է, գիշերը ժամը 2-ին ջերմությունը բարձրանում է, ես այդ ժամին և այդ վիճակում երեխայիս բարձր ջերմությամբ գրկած ո՞նց հասնեմ պոլիկլինկա, հերթի մեջ սպասեմ, որ դեղատոմս գրեն, դրանից հետո էլ վազեմ դեղատուն և հարց է, թե այդ ամբողջ ժամանակ երեխայիս վիճակն ինչ աստիճան կվատանա»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Հարցման ընթացքում դեղատանը գտնվող քաղաքացիներից մեկն էլ վրդովմունք արտահայտեց՝ ասելով .«Էս օրենքը ասումա գնացեք կարգին բուժվեք, ինքներդ ոչինչ մի ձեռնարկեք, բայց եթե էսօր մարդիկ հացի փող չունեն, մի օրվա հացի գումարն է ձեռքները, ոնց կարող են գնալ դեղատնից մի տուփի գումար տան դեղ առնեն, դեռ չեմ ասում պոլիկլինիկայի վճարումները»:

Նրանցից մեկն էլ ասաց, որ բժիշկները թանկ դեղեր են նշանակում. «Ինչքան էլ փորձեն այս օրենքն իրագործել, չի ստացվի, որովհետև ազգի կեսը այնքան չքավոր վիճակում է, այնքան խնդիրներով շրջապատված, որ հաստատ ամեն ցավացող տեղի համար բժշկի չի գնա: Տպավորություն է ստեղծվում, որ ուզում են մարդաքանակ քչացնել, առանց այդ էլ քիչ ենք»,-դժգոհեցին քաղաքացիները:

Նշենք, որ Analitik.am-ը նաև առցանց հարցում էր անցկացրել՝ պարզելու համար, թե ինչպես են վերաբերվում քաղաքացիները դեղերը դեղատոմսերով ձեռք բերելու որոշմանը: Հարցման 152 մասնակիցներից 132-ը բացասական են վերաբերվում և միայն 20 մասնակից է դրական վերաբերվում այս որոշմանը:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից