Քաղաքականություն 

Վստահ եմ, որ վաղ թե ուշ Արցախի Հանրապետությունը կդառնա ԱՊՀ ՄԽՎ լիիրավ անդամ. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստում մարտի 3-ին հանդես է եկել  ողջույնի խոսքով: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից.

ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցներին ողջունելուց հետո Շարմազանովն ասել է.

«ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը յուրօրինակ հարթակ է, որն ավելի քան 25 տարի իրականացնում է ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ապահովմանն ուղղված աշխատանք՝ հանդիսանալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման անմիջական հարթակ:

Խոսելով վերջին քառորդ դարում ԱՊՀ ՄԽՎ գործունեության նշանավոր իրադարձությունների մասին՝ առաջին հերթին կառանձնացնեի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դերն ու ներդրումը 1994 թ. մայիսին Բիշքեկում ստորագրված արձանագրության նախապատրաստման և ամրապնդման գործում, որին հետևեց եռակողմ անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև:

Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօր Ադրբեջանն անտեսում է հենց իր կողմից ստորագրված եռակողմ հրադադարի մասին պայմանագիրը: Դրա հստակ օրինակն է Ադրբեջանի 2016 թվականի ապրիլյան ագրեսիան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ազատատենչ ժողովրդի դեմ, որը խլեց հարյուրավոր կյանքեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Հարգելի գործընկերներ, վստահ եմ, որ վաղ թե ուշ Արցախի Հանրապետությունը կդառնա ԱՊՀ ՄԽՎ լիիրավ անդամ՝ իր ներդրումն ունենալով կազմակերպության ամրապնդման և զարգացման գործում:

Ձեր հանձնախմբի օրակարգը հագեցած է հարցերով, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում օրենսդիրների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ, բեղմնավոր շփումներ, հետաքրքիր բանավեճ և հաճելի ժամանակ աստվածաշնչյան մեր երկրում» :

  • 67
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    67
    Shares

Related Articles