Քաղաքականություն 

Հայաստանը բացառիկ դաշնակից է Ռուսաստանի համար. Կոնստանտին Կոսաչով

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 13-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությանը` Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ:
Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստերի աշխատանքին մաղթել է հաջողություն: Նա վստահություն է հայտնել, որ պատվիրակության այցը կնպաստի հայ-ռուսական միջպետական և միջխորհրդարանական համագործակցության խորացմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները խարսխված են բազմադարյան բարեկամության և պատմական ամուր կապերի վրա:

Արա Բաբլոյանը նշել է, որ խորհրդարանների միջև փոխգործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգում: Այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստերի աշխատանքը, որը հարթակ է երկու երկրների օրենսդիրների երկխոսության համար և հնարավորություն է տալիս քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մեծ շրջանակ:
Արա Բաբլոյանը կարևորել է համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպություններում և նշել, որ այս գործում մեծ է օրենսդիր մարմինների համապատասխան հանձնաժողովների և բարեկամական խմբերի գործունեության դերը:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը բացառիկ դաշնակից է Ռուսաստանի համար. շփման եզրերը և օրակարգերը հաճախ են համընկնում:
Կոնստանտին Կոսաչովը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել օրվա առաջին համատեղ նիստում քննարկված հարցերը և նշել, որ նիստերի օրակարգում ներառված են երկու երկրների անվտանգությանը, ռազմավարական գործընկերությանը և միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Պարոն Կոսաչովը նույնպես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության և փոխշահավետ համագործակցության դերը միջազգային կառույցներում՝ նշելով, որ Ռուսաստանն ու Հայաստանն ընդգրկված են մոտ յոթ վեհաժողովի կազմում. հանձնաժողովի նախագահի խոսքով՝ սա պատահական համընկնում չէ, խոսքը ընդհանուր հետաքրքրությունների մասին է:
Կոնստանտին Կոսաչովը հույս է հայտնել, որ համատեղ նիստերի ընթացքում քննարկված երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերը հնարավորինս արագ կլուծվեն:
Հանդիպման ավարտին զրուցակիցները քննարկել են խորհրդարանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր ևս:

Նույն շարքից