Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ԱԳՆ փոխնախարարը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին երկրի բնակչությանը պատրաստել խաղաղության

analitik.am

Մարտի 12-ին Բրյուսելում կայացավ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, անդամ պետությունների և գործընկեր երկրների պաշտոնական պատվիրակությունները։ Սա Բրյուսելի գագաթաժողովի ժամանակ ԱլԳ կառուցվածքային վերանայման մասին ընդունված որոշումներից հետո նման մակարդակի առաջին հանդիպումն էր։ Այս մասին Analitik.am-ին հայտնում ենք ԱԳՆ-ից:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցող ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն իր ելույթում անդրադարձավ ԱլԳ նոր վերանայված կառուցվածքում ավագ պաշտոնյաների հանդիպման ձևաչափի առանձնակի կարևորությանը` որպես թեմատիկ հարթակները և աշխատանքային խմբերը համակարգող մարմնի։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համակարգման տեսանկյունից երկրում գործում են անհրաժեշտ ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք նպատակաուղղված աշխատում են ինչպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ՝ ստորագրված երկկողմ այլ փաստաթղթերի կիրառումն ապահովելու ուղղությամբ։ Այս առումով փոխնախարարը կարևորեց նաև քաղաքացիական հասարակությանը և երիտասարդությանը վերապահված դերակատարությունը, անդրադարձավ խորհրդարանի դերին` նշելով, որ Հայաստանն ավարտում է խորհրդարանական կառավարման համակարգին անցման գործընթացը։

Խոսելով ակնկալվող արդյունքների ու համատեղ հանձնառությունների իրականացման մասին՝ Կարեն Նազարյանը նաև շեշտեց դրանք հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտությունը: Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսութուն մեկնարկելու կարևորությանը՝ այս առումով հատկապես արժևորելով ԵՄ անդամ երկրների աջակցությունը և համագործակցությունը։

Նույն օրը` առավոտյան, տեղի ունեցավ Արևելյան գործընկերության վերանայված ճարտարապետության մեկնարկին նվիրված քննարկում, որին բացման խոսքով ելույթ ունեցավ ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, իսկ որպես հիմնական զեկուցողներ հանդես եկան ԱլԳ երկրների ԱԳ նախարարների տեղակալները։ Հատուկ տեսաուղերձով հանդես եկավ ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Կարեն Նազարյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի մոտեցումներն ԱլԳ նոր ճարտարապետության հիմքում ընկած տարբերակման, ներառականության և համատեղ պատասխանատվության սկզնունքների վերաբերյալ։ Արձագանքելով ադրբեջանական կողմի այն պնդմանը, թե մարդու իրավունքների և ազատությունների խնդիրների առկայությունը կապված է իր երկրի՝ պատերազմի մեջ լինելու փաստի հետ, փոխնախարար Նազարյանն անթույլատրելի համարեց միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարումը և կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին երկրի բնակչությանը պատրաստել խաղաղության և հրաժարվել ուժի կիրառումից և ուժով կառավարումից, ինչը հակասում է ժողովրդավարության և կայունության սկզբունքներին։

Քննարկմանը մասնակցեցին նաև Բրյուսելում տեղակայված վերլուծական կենտրոնների, ԵՄ և գործընկեր երկրների ԶԼՄ֊ների, քաղաքացիական հասարակության և երիտասարդության ներկայացուցիչներ։

Նույն շարքից