Առողջապահություն Հասարակություն 

Նոր հնարավորություն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար

analitik.am

Այժմ սովորական թղթային գրքեր, փաստաթղթեր, մթերային խանութներում առկա ապրանքների պիտակների գրությունները  կարող են կարդալ նաև կույր մարդիկ առանց  որևէ մեկի օգնության: Ավելի շուտ նրանց փոխարեն  «կընթերցեն»  հատուկ օղակաձև մատանիները՝ ներկառուցված միկրոէլեկտրոնային տեսախցիկի միջոցով:

Մերիլենդ համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ստեղծել և փորձարկել են նոր սարք, որը կարող է վերափոխել տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց կյանքը:

Այդ սարքավորման շնորհիվ կարդացվող տեղեկությունները հատուկ ականջակալների միջոցով աուդիո հաղորդագրության տեսքով կփոխանցվեն  տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց:

Նախքան այս սարքավորումը ստեղծելը կույրերը շատ տարբերակներ չունեին ընթերցանության համար: Բոլոր տեքստերը  թարգմանվում էին կամ Բրայլի այբուբենով կամ էլեկտրոնային գրքերի միջոցով, որոնք փոխակերպվում էին ձայնային տարբերակի: Ամերիկյան գիտնականների այս մշակումն ընդլայնում է նրանց հնարավորությունները:

Սարքն իրենից ներկայացնում է օղակաձև մատանի, որը կարող են կրել ցուցամատին,այն շատ հարմար է և պրակտիկ:Նրա մեջ տեղադրված է 1 միլիմետր տրամագծով տեսախցիկ, որը նախկինում օգտագործվել է միայն բժշկական զննումների ժամանակ և գադջետներում:

Ընթերցանությունը կատարվում է հետևյալ կերպ ՝ օգտագործողը պետք է ուղղորդի այն մատը, որի վրա կրում է սարքը և կարդացվող տողին զուգահեռ տանելով արդեն ականջակալներում կլսի տեքստի ձայնային տարբերակը: Իսկ եթե ընթերցանության ժամանակ մատը շեղվում է տողից,ապա սարքն առաջացնում է թրթռոց-ազդանշան,որպեսզի մատը ճիշտ տեղադրում կատարի : Այնուհետև պատկերը տեսախցիկի միջոցով փոխանցվում է համակարգչին և «մատանու» սեփականատերն  ականջակալներում լսում է ճիշտ տպագրված տեքստի ձայնային տարբերակը:

HandSight- ի փորձարկումները (ստեղծողները այդպես են կոչել սարքավորումը) ցույց են տվել, որ տեքստի ընթերցման արագությունը կազմում է րոպեում մինչև 80 բառ, ինչը մոտ երկու անգամ դանդաղ է, քան առողջ մարդկանց ընթերցանության արագությունը:

Այս նորամուծությունը դեռ փորձարկման փուլում է, և գիտնականների կարծիքով շատ շուտով տեսողական խնդիրներ ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է ձեռք բերել այս սարքը: Ինչպես նաև նշում են, որ մոտ ապագայում կստեղծվեն ավելի զարգացած մեխանիզմներ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց կրթության, տեղաշարժման և այլ խնդիրները լուծելու համար:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից