Հայաստան Քաղաքականություն 

Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2018 թվականի ծրագիրը

analitik.am

Մարտի 12-13-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության հերթական խորհրդակցություններին: Այս ձևաչափով հանդիպումները անցկացվում են ամենամյա հաջորդականությամբ Երևանում և Լոնդոնում` երկու երկրների պաշտպանության նախարարությունների անվտանգության և պաշտպանական քաղաքականության համար պատասխանատու վարչությունների ղեկավարների մակարդակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայ-բրիտանական խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ, ներկայացվել են երկու երկրների պաշտպանական համակարգերում ընթացող բարեփոխումները։ Կարևորվել են Հարավային Կովկասում համագործակցային մթնոլորտի ձևավորման ուղղությամբ երկու պետությունների համատեղ ջանքերը։

Հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ պաշտպանական համագործակցության արդյունքները։ Հատկանշվել են փորձագիտական խորհրդատվության, ռազմական կրթության և վերապատրաստումների, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, կանանց դերի բարձրացման, խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղություններով արձանագրված ձեռքբերումները։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք նոր ուղղություններով համագործացության ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2018 թվականի ծրագիրը: Այն ներառում է 20-ից ավել միջոցառումներ Հայաստանում և Միացյալ Թագավորության երկրներում տեղակայված ուսումնական կենտրոններում:

Նույն շարքից