Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Թրամփի երկակիության առեղծվածը

analitik.am

Թրամփի նախընտրական «America First» լոզունգը, որը նա մի քանի անգամ կրկնեց երդմնակալության ժամանակ, ամերիկյան ազգայնականների հիմնական արտաքին քաղաքական հայեցակարգն է: Այն ֆորմալ ձևակերպում ստացավ 1940 թ-ին, երբ որոշ խմբեր պայքարում էին ԱՄՆ-ին երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշվելուց զերծ պահելու համար: Այդ խմբերի թվում էին բավականին ազդեցիկ ամերիկացիներ՝ այդ թվում Հենրի Ֆորդը:

Այս հայեցակարգը բնութագրվում է որպես հակասեմիթական և ֆաշիստական, ինչը զարմանալի չէ, քանի որ, եթե չլիներ երկրորդ համաշխարհային պատերազմը, չէր լինի նաև Իսրայելը: Այս համասեմիթական լոզունգը մի քանի անգամ կրկնող նախագահ Թրամփն ուղղափառ հրեա փեսա ունի, ով կրոնափոխ է արել Թրամփի աղջկան, և վերջինս շաբաթ օրերին նույնիսկ հեռախոսից չի օգտվում։ Հենց այդ նույն փեսային էլ, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, Թրամփը հանձնարարել է լուծել նաև Մերձավոր Արևելքի խնդիրը։

Փաստացի ստացվում է, որ մի մարդու սատարում են և՛ հիմնական սիոնիստական լոբբին, և՛ գլխավոր հակասեմիթական կառույցները: Ավելին՝ Ավետարանչական եկեղեցին, որի գլխավոր արտաքին քաղաքական գերակայությունը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն է, ԱՄՆ-ում վերջապես փոխնախագահ ունի` ի դեմս Մայք Փենսի: Այս դիսոնանսը հասկանալի դարձավ վերջին մի քանի ամիսների իրադարձությունների ֆոնին։ Թրամփին հասկանալու համար նրան պետք է բաժանել երկու մասի՝ հռետոր Թրամփի ու բովանդակային Թրամփի: Հռետոր Թրամփը հաճախ շատ իրարամերժ բաներ է խոսում, և նրա խոսքերի հիման վրա վերլուծություն կազմելը բացարձակ հնարավոր չէ: Սակայն, եթե հետևենք նրա քայլերին, ապա եզրակացությունները բավականին ակնհայտ կլինեն:

Այսպես, Թրամփի որոշմամբ ԱՄՆ-ն դուրս եկավ կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրից, Տրանս-ատլանտյան համաձայնագրից, հանել է ԱՄՆ-ում էներգակիրների արտադրության վրա դրված սահմանափակումները, սահմանափակել ներգաղթը, փորձում է տուրք սահմանել պողպատի և ալյումինի ներմուծման վրա: Այսինքն, քայլ առ քայլ կատարում է վերոհիշյալ America First-ի օրակարգը:

Միջազգային հարթակում Թրամփի ամենաաղմկահարույց նախաձեռնությունները կապված էին Իսրայելի հետ: Նա որոշեց ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել ու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քվեարկության դրեց Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչման հարցը: Քվեարկությունը խայտառակ ձևով տապալվեց՝ Իսրայելին միայնակ թողնելով ամբողջ աշխարհի դեմ:

Մինչդեռ Սիրիայում ՌԴ ԶՈւ-ի հետ համագործակցության արդյունքում իրավիճակը կտրուկ փոխվել է և շատ ավելի լուրջ վտանգ է սկսել ներկայացնել հենց Իսրայելի համար: Այսքանից հետո, եթե ինչ-որ մեկի մոտ դեռ հարց է առաջանում, թե ինչ հայեցակարգ ունի Թրամփը, ապա այդ «ինչ-որ մեկին» տեսանելի ապագայում շատ հուզիչ իրադարձություններ են սպասվում:

Ի դեպ, վերջերս Թրամփի փեսային զրկել են գաղտնի նյութերին ծանոթանալու իրավունքից: Ամենայն հավանականությամբ, Թրամփի նախագահությունը Հայոց ցեղասպանության ճանաչման համար աննախադեպ հիմքեր է ստեղծում, մնում է միայն հուսալ, որ համապատասխան մարմինները կկարողանան պահը որսալ:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից