Քաղաքականություն 

Ռուս պատգամավորների տրամաբանությամբ Հայաստանը պետք է ԱՄՆ-ին վերաբերվի թշնամաբար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանի շենքում տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը: Նիստը ընթացել է փակ ռեժիմով: Թե ինչու փակ, անհայտ է: Դատելով պաշտոնական հաղորդագրությունից, նիստի ժամանակ քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների սերտացման, ԵՏՄ շրջանակներում ապրանքաշրջանառության մեծացման, ներդրումների խրախուսման, Վերին Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհների բացման անhրաժեշտության և նման այլ հարցեր: Թե ինչ գաղտնի բան կա օրակարգում կամ հնչած ելույթներում, առաջին հայացքից, դժվար է հասկանալ:

Բայց պարզվում է, որ նիստը իսկապես իմաստ ուներ անցկացնել գաղտնիության պայմաններում: Չգիտես` ինչ պատճառներով, նիստը սկսվել է խորհրդարանի 334 դահլիճում, իսկ հետո տեղափոխվել Ոսկեզօծ դահլիճ: Ըստ հայ պատգամավորների` ռուսաստանցի հյուրերը բողոքել են, որ իրար մեջքով նստելը այնքան էլ հարմար չէ և ուզում են, որ կլոր սեղան լինի, որպեսզի բոլորը տեսնեն բոլորին, պարզ կարողանան զգալ ընդհանուր տրամադրությունը: Ընդունող կողմն էլ անմիջապես բավարարել է նրանց ցանկությունը:

Նիստի մասնակից մեր զրուցակիցները պնդում են, որ նիստի ընթացքում ռուսական կողմը անընդհատ կարևորել է արտաքին քաղաքականության հարցերում միասնական դիրքորոշման որդեգրման անհրաժեշտությունը: Պարզ ասած` ինչ դիրքորոշում, որ ունի Ռուսաստանը, Հայաստանը պետք է մեխանիկորեն հետևի դրան: Իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանում այսօր ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ մեծանում է հակաամերիկյան հիստերիան: Միացյալ Նահանգները տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, իսկ Ռուսաստանը դրան հակադրում է հակաամերիկանիզմը: Ռուս պատգամավորների ասածն այն է եղել, որ ԱՄՆ-ի դեմ մենք պետք է հանդես գանք մեկ ընդհանուր և միասնական ճակատով:

Ռուսաստանցի պատգամավորների տրամաբանությունը հետևյալն է. եթե Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են, իսկ ԱՄՆ-ը Ռուսաստանի թշնամին է, ապա պետք է, որ Հայաստանը ևս ԱՄՆ-ին վերաբերվի որպես թշնամի երկրի:

Նիստի մասնակից հայ պատգամավորներից որոշները ձայնակցել են ռուս կոլեգաներին, որոշներն էլ ուղղակի չեն հակադարձել նրանց, չցանկանալով փչացնել հայ-ռուսական դարավոր բարեկամության ընդհանուր ֆոնը:

Մինչդեռ, հայ պատգամավորներն արդեն մասնավոր զրույցների ժամանակ բողոքում էին, թե ինչու այդ նույն Ռուսաստանը չի առաջնորդվում նույն դաշնակցային սկզբունքով, և ոչ միայն՝ Հայաստանի թշնամի Ադրբեջանին չի համարում իրեն թշնամի երկիր, այլ ճանաչում է ռազմավարական գործընկեր և զինում է ամենաժամանակակից զինատեսակներով:

Իհարկե, հայ պատգամավորները այս հանդիպման ժամանակ բարձրացրել են Ռուսաստանի կողմից զենքի մատակարարման հարցը: Ուղղակի դա արվում է շատ մեղմ, այնպես որ, հանկարծ ռուսները դա չընկալեն որպես մեղադրանք, այլ որպես անհանգստություն, որպես արարողակարգային մի նախադասություն, որը պետք է հնչեցվի հավուր պատշաճի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 62
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    62
    Shares

Related Articles