Հայաստան 

Վաղվանից 12 կետերը մղվում են երկրորդ պլան և սկսվում է քաղաքական գործընթաց. Ռուբեն Հակոբյան

analitik.am

12 կետերն արդեն մղվում են երկրորդ պլան այն պատճառով, որ իշխանությունը ցույց է տվել, որ անկարող է որևէ հարց լուծել՝ այդ թվում 12 կետերը, և սկսվում է գործընթաց, որն արդեն քաղաքական կարգախոսներ է ունենալու: Վաղը, ըստ ամենայնի, կհրապարակվի ամբողջական իշխանափոխության Ճանապարհային քարտեզ:

Այս մասի այսօր եռյակի առաջիկա հանրահավաքի կազմակերպչական հարցերին նվիրված նիստից հետո հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում երեք ոչ իշխանականն ուժերի՝ «Հայ ազգային կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստանի» և«Ժառանգության» առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա կլինեն հանրահավաքին:

Ի պատասխան լրագրողի հարցին, թե իշխանական պատգամավորները մշտապես նշում են, որ քանի դեռ այդ պահանջի մասին չի հայտարարվել երեք լիդերների մակարդակով՝ համատեղ, դա անլուրջ է, հետևաբար լիդերների կողմից արդեն կլինի իշխանափոխության պահանջ, Ռուբեն Հակոբյանը հայտարարեց. «Հարգելի մեր գործընկերներին՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, վաղը հրավիրում եմ հանրահավաքի, որպեսզի լսեն, թե որ առաջնորդները ինչ հայտարարություն կանեն»:

Ռուբեն Հակոբյանը դժվարացավ պատասխանել՝ երեք առաջնորդներն էլ ելույթ կունենան, սակայն նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը անպայման ունենալու է:

Իսկ ելույթների հերթականությունը լինելու է այբբենական կարգով՝ այսինքն՝ ԲՀԿ, «Ժառանգություն», ապա ՀԱԿ հերթականությամբ: Կլինեն նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների , տաքսիստների ու ազատամարտիկների ելույթներ:

Հանրահավաքի օրակարգում իհարկե 12 կետերն են, գումարած էլեկտրաէներգիայի սակագնինը, բայց ըստ բանախոսի կլինի ընդգրկուն օրակարգ:

«Եթե հիշում եք՝ մենք ասում էինք, որ կանդրադառնանք 12 կետերի վերաբերյալ իշխանության քայլերին, բնականաբար, արդեն պատրաստ է միասնական տեսակետը, որը կներկայացվի, իհարկե, նաև անդրադարձ կլինի սահմանադրական փոփոխություններին: Այսինքն՝ օրակարգը քաղաքական լայն ընդգրկում կունենա և նաև դրա տրամաբանական շարունակության մեջ բոլոր քաղաքական իշխանափոխության հարցը դրել են: Այսինքն՝ մեկ օրգանական միասնականության մեջ պետք է դիտվի»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ի պատասխան հարցի, թե ոնց են հասնելու ամբողջական իշխանափոխության, կարող է ներկայացնել դրա մեխանիզմները, Ռուբեն Հակոբյանը նկատեց. «Ձեզ հետ միասին՝ Ճանապարհային քարտեզով, որը, կարծում եմ, վաղը կհրապարակվի»:

Նշենք, որ նախկինում հայտարարվել էր, որ 12 կետերի կատարման ընթացքի վերաբերյալ պետք է հրապարակվի քառյակի տեսակետը, մինչդեռ այսօր նշվեց, որ լինելու է եռյակինը, քանի որ միջոցառումը եռյակինն է:

Ի պատասխան հարցի, թե ինչու, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ այդ հարցն այսօր քննարկվել է և դրա արդյունքում որոշվել է, որ գնահատականը պետք է հնչեցվի եռյակի կողմից:

Բանախոսը չի կարծում, որ չնայած սրան կարելի է բացարձակ գնահատական տալ, թե, վերջ , այլևս չկա քառյակ, կա եռյակ, բայց նաև նկատեց, որ հիմա ստեղծվել է մի քաղաքական գործընթաց , որտեղ ըստ էության 12 կետերն արդեն մղվում են երկրորդ պլան այն պատճառով, որ իշխանությունը ցույց տվել, որ անկարող է որևէ հարց լուծել, այդ թվում՝ 12 կետերը, և սկսվում է գործընթաց, որն արդեն քաղաքական կարգախոսներ է ունենալու:

Բայց մյուս կողմից, Ռուբեն Հակոբյանն իր խոսքը ավարտեց հետևյալ կերպ. «Բոլոր դեպքերում ասել, որ քառյակն ընդհանրապես գոյություն չունի, նման ձևակերպում չէի անի»։


Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2014/10/09/rubenhakobyan/

Նույն շարքից