Միջազգային Քաղաքականություն 

Թեհրանի քաղաքապետը հրաժարական է տվել

analitik.am

Արմեն Իսրայելյանն իր ՖԲ էջում գրում է, որ   Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Ալի Նաջաֆին, որն այդ պաշտոնին ընտրվել էր 2017թ. սեպտեմբերին, հրաժարականի դիմում է ներկայացրել, ավագանին Նովռուզից հետո դեռ պետք է ընդունի նրա հրաժարականը, հետևաբար պաշտոնապես դեռ հաստատված չէ:

Մինչ այդ՝ շուրջ 12 տարի Իրանի մայրաքաղաք Թեհրանը ղեկավարում էր պահպանողական գործիչ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը մասնակցել է նախագահական վերջին երեք ընտրություններին, իսկ վերջին ընտրությունների ժամանակ Հասան Ռուհանիի հիմնական մրցակիցներից մեկն էր, որը վճռական պահին հօգուտ մյուս պահպանողական գործչի՝ Էբրահիմ Ռայիսիի, հանեց իր թեկնածությունը:


Նաջաֆին մինչ քաղաքապետ ընտրվելը՝ նախագահ Ռուհանիի՝ տնտեսական հարցերով խորհրդականն էր: Թեև հրաժարականի պատճառը նշվում է առողջական խնդիրները, սակայն պաշտոնավարման ընթացքում նրա քաղաքականությունն իր քաղաքական հակառակորդների կողմից մշտապես քննադատության էր ենթարկվում: 


Թեհրանի քաղաքապետի ընդդիմախոսներից մեկն էլ հետաքրքիր գրառում է կատարել Twitter-ում, նշելով, թե «Ղալիբաֆը Թեհրանում կամուրջներ և ճանապարհներ էր կառուցում, Նաջաֆին՝ դրանք անվանակոչում իր մտերիմների անունով», որպես օրինակ բերելով Թեհրանի փողոցներից մեկը նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի անունով կոչելու փաստը: 

Նույն շարքից