Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ԱԺ-ում քննարկվում է ԸՕ-ում փոփոխությունների հարցը. Մի շարք սահմանափակումներ են հաստատվում

analitik.am

ՀՀ ընտրական օրենսգրքում իրականացվելիք փոփոխությունների արդյունքում նախընտրական քարոզչության ժամանակ  վարչական ռեսուրսի օգտագործումը սահմանափակվելու է ոչ միայն թեկնածուների, այլ նաև հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների համար՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։ Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արթուր Հովհաննիսյանը:

Սահմանափակումներ են հաստատվում նաև պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցների մասով՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Մի խումբ անձանց առհասարակ արգելվում է քարոզչությանը մասնակցել: Խոսքը մասնավորապես վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին:

Լրատվամիջոցների մասով գործող սահմանափակումները վերացվում են, և եթե նախկինում լրատվամիջոցը կարող էր մինչև 50 լրագրող հավատարմագրել, ապա այժմ այդ սահմանափակումը չկա:

Հովհաննիսյանի խոսքերով, ընտրական գործընթացում վարչական ռեսուրսի չարաշահման մասին միջազգային կառույցների զեկույցներում միշտ խոսվել է, իսկ իրականացվելիք փոփոխություններով հնարավորություն է ստեղծվելու այն կանխելու համար:

Նույն շարքից