Գլխավոր Իրավական Հարցազրույց 

Միայն, այսպես կոչված, «ռեժիմը» չի, որ մեր երկրում գործակալահավաքով է զբաղված. «Ժիրայր Սեֆիլյանը և մյուսներ»-ը գործով փաստաբան Արսեն Մկրտչյան

analitik.am

Analitik.am-ը զրուցեց «Ժիրայր Սեֆիլյանը և մյուսները»  գործով որպես ամբաստանյալ անցնող Հովհաննես Պետրոսյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ՝ գործի մանրամասների,  ակնկալվող վճռի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ:

Պարոն Մկրտչյան, Ժիրայր Սեֆիլյանի գործով Դուք ներկայացնում եք Հովհաննես Պետրոսյանի շահերը: Ի՞նչ կասեք առհասարակ այս քրեական  գործի մասին: Այն համարո՞ւմ եք քրեական գործ, թե՞  քաղաքական հետապնդում:

 Միայն այն բանի համար, որ ես նշված գործի շրջանակներում ներկայացնում եմ Հովհաննես Պետրոսյանի շահերը, իմ պատասխանները և մեկնաբանությունները կարող են ոմանց համար սուբյեկտիվ թվալ, սակայն դա իմ խնդիրը չի: Իմ նպատակը միշտ եղել և մնում է  նախ և առաջ անել ամեն ինչ, որպեսզի իմ վստահորդի վիճակը բարելավվի, և նա մի րոպե շուտ հայտնվի ազատության մեջ, իսկ դրանից հետո նոր մտածեմ գործով անցնող  մյուս ամբաստանյալներին գոնե չխանգարելու մասին: Հովհաննես Պետրոսյանի և մի քանի այլ մեղադրյալների մասով քրեական գործն համարում եմ սովորական գործ, որը որևէ  քաղաքական տարր չի պարունակում: Ինչ վերաբերում է Ձեր հարցում նշված Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների վերաբերյալ ակնարկին, ապա այստեղ թույլ տվեք չպատասխանել, քանի որ ես, որպես միայն Հովհաննես Պետրոսյանի պաշտպան, պարտավոր եմ ղեկավարվել բացառապես վերջինիս շահերով:   Այլ ամբաստանյալների պաշտպանների կողմից որդեգրած քրեական գործի քաղաքականացման մարտավարությունը քննադատելը, հերքելը կամ նմանց պնդումներին միանալը չի բխում իմ պաշտպանյալի շահերից:

Սասնա Ծռեր խմբի անդամների աջակիցները Ձեր պաշտպանյալին բազմիցս քննադատել են, վիրավորել՝ անվանելով դավաճան, ռեժիմի ստրուկ, գործակալ և այլն, ի՞նչ կասեք այս մասին,  ինչո՞վ է սա պայմանավորված:

Սասնա Ծռեր խմբի, այսպես կոչված,  աջակիցները և նրանց համակրող ԶԼՄ-ները, նախքան Հովհաննես Պետրոսյանին պիտակավորելը և վիրավորելը, այնքան մարդու մասին են իրականությանը չհամապատասխանող վիրավորական հերյուրանքներ, հայտարարություններ ու հրապարակումներ արել, որ դրանց անդրադառնալն առնվազն ժամանակատար, անիմաստ, անլուրջ և ոչ նպատակահարմար եմ գտնում այս պահին: Այն հարցի շուրջ, թե իրականում ով է ում գործակալը, տարբեր անձինք կարող են ունենալ տարբեր կարծիքներ: Չէ՞ որ միայն, այսպես կոչված, «ռեժիմը» չի, որ մեր երկրում գործակալահավաքով է զբաղված, չեմ բացառում, որ կան նաև օվկիանոսից այն կողմ գտնվողների և այլոց շահերը սպասարկող գործակալներ:

Գործում առկա ապացույցներն, ըստ Ձեզ, բավարա՞ր են գործով անցնող մեղադրյալներին առաջադրված մեղադրանքների հիմնավորման համար: Ո՞ր մեղադրանքի հետ եք համաձայն, և որի՞  հետ՝ ոչ:

Ապացույցների վերաբերյալ իմ գնահատականները հնչեցրել եմ դատարանի դահլիճում, որտեղ ես գործընթացը  չքաղաքականացնող այլ գործընկերներիս հետ միասին հայտարարել եմ և կարծում եմ՝ հիմնավորել, որ գործով անցնող ամբաստանյալներից և ոչ մեկը ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված արարք չի կատարել, և բոլորը պետք է ազատ արձակվեն: Մի խոսքով՝ ոչ մի մեղադրանքի հետ էլ անձամբ ես համաձայն չեմ, սակայն կա օբյեկտիվ իրականություն, որի հետ չի կարելի հաշվի չնստել, այն է՝ պետք է մարդկանց բոլոր հնարավոր միջոցներով փրկել արդեն տարիներ տևող, անորոշ ժամկետով, անիմաստ, հարկատուների վրա թանկ արժեցող կալանքներից: Ցավոք, արդարության փնտրտուքը նման պայմաններում կարող է դառնալ չարդարացված ինքնանպատակ, որին հասնելու համար երկար ժամանակ կալանքի տակ գտնվելը կարող է ունենալ ավելի վատ հետևանքներ, քան ուղղակի ազատ արձակվելը: Հատկապես չհիմնավորված եմ համարում զանգվածային անկարգությունների հետ կապված մեղադրանքը, սակայն սա զուտ մասնավոր անձի կարծիք է, քանի որ այն չի առնչվում իմ պաշտպանյալի հետ:

Գործում ներգրավված պաշտպանները բազմիցս ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին, ինչպես նաև կասկած հայտնել նրա մասնագիտական գիտելիքների նկատմամբ, Դուք ինչո՞ւ նման միջնորդություն չեք արել, կարո՞ղ ենք ենթադրել, որ Դուք փաստացի համաձայն եք դատավորի բոլոր  գործողությունների հետ:

Դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններն իմ կարծիքով չեն բխել բոլոր ամբաստանյալների շահերից: Նման միջնորդությունը, նույնիսկ բավարարվելու դեպքում, ոչ մի կերպ չէր կարող բարենպաստ ազդեցություն ունենալ ամբաստանյալների վրա, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նոր դատավորը, գործը սկզբից քննելով, ավելի արդար կամ լավ կքննի, քան Տաթևիկ Գրիգորյանը: Այսինքն՝ ինքնաբացարկի միջնորդություններն ավելի շատ ուղղված են եղել ժամանակ ձգելու, հանրության և վստահորդների մոտ տպավորություններ և կարծիքներ ձևավորելու և, իհարկե, ՀՀ-ում և միջազգային ատյաններում հետագայում սպասվելիք բողոքները մի երկու տողով ավելացնելուն: Ինչ վերաբերում է դատավորի մասնագիտական գիտելիքներին, ապա  Տաթևիկ Գրիգորյանը պատրաստված, կայացած, խորը գիտելիքների տեր, մասնագիտական և մարդկային բարձր արժանիքներով օժտված անձնավորություն է: Նույնը կարող եմ ասել դատախազների մասին: Ասեմ, որ  դատավարությունից դուրս՝ անձնական զրույցների ժամանակ, իմ հետ համամիտ են եղել նաև ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնող գործընկերներս:

Ինչո՞վ է պայմանավորված այն, որ դատարանը Ձեր պաշտպանյալի նկատմամբ սանկցիաներ չի կիրառում, նա ի տարբերություն  Ժիրայր Սէֆիլյանի, օրինակ, զրկված չէ արտահայտվելու իրավունքից և նրա տեսակցությունները, բացի ընտանիքի անդամների հետ, արգելված չեն:

Պայմանավորված է նրանով, որ Հովհաննես Պետրոսյանը չի խախտել դատական նիստի կարգը և դիմել ու խոսել է դատարանի հետ կանգնած: Հետևաբար, իմ տպավորությամբ, Ժիրայր Սէֆիլյանը դատարանում զրկված է եղել, եթե նույնիսկ այդպիսի բան էլ կա, միայն նստած դատարանին դիմելու իրավունքից: Տեսակցությունների մասով՝ անմարդկային, անօրինական, կարծում եմ՝ կոնվենցիոն և սահմանադրական իրավունքի խախտում պարունակող երեույթի հետ գործ ունենք: Առհասարակ  ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի, այլ բոլոր կալանավորների համար, այդ մոտեցումը պետք է վերացնել, դա ֆաշիզմի նմանվող մի բան է:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշել էր, որ Ձեր պաշտպանյալ Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքները չեն կարող օգտագործվել Ժիրայր Սեֆիլյանի դեմ, ի՞նչ կասեք այս մասով:

Արայիկ Պապիկյանն արտահայտել է կարծիք, որը դատարանը հաշվի կառնի կամ հաշվի չի առնի: Թե ինչ կարող է կամ չի կարող անել դատարանը, ես էլ գիտեմ: Ճիշտ է՝ իմ պատկերացումներն այդ հարցում տարբերվում են Արայիկ Պապիկյանի պնդումներից, սակայն անձամբ ես դեմ չեմ, չեմ խոչընդոտի, ոչ մի կերպ չեմ առարկի, եթե Արայիկ Պապիկյանի մոտ այդ հարցում որևէ բան  ստացվի: Ավելին՝ միշտ ասել և հիմա էլ ասում եմ,  եթե կա մի բան, որ կարող ենք անել, որպեսզի  մի ՀՀ քաղաքացի, հայ բանտում չհայտնվի, եկեք անենք, բայց առանց միմյանց  վնաս տալու:

Ի՞նչ սպասելիքներ ունեք դատարանից, ի՞նչ վճիռ եք ակնկալում:

Ակնկալում եմ մեղադրական դատավճիռ: Հույս ունեմ, որ այն պատժի առումով ավելի մեղմ կլինի, քան մեղադրողներն են պահանջում: Նույնիսկ չեմ բացառում, որ զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքի մասով արդարացում լինի:

Նույն շարքից