Քաղաքական Միջազգային գլխավոր 

Փախստականների մասով ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք օգնության մասին. ԱՄՆ դեսպանատան արձագանքը

ԱՄՆ Սենատի լսումների ժամանակ ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցադրումներին պատասխանելիս ԱՄՆ 69-րդ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն, ի թիվս այլ հարցերի, պատասխանել էր  նաև  սենատորի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մարդասիրական  նպատակների իրագործման շրջանակներում Հայաստանին լրացուցիչ օգնություն կտրամադրի Սիրիայի փախստականների խնդիրները հոգալու համար: Թիլերսոնը պատասխանել էր, թե  տեղյակ է,  որ  Հայաստանը փախստականների ներհոսքի պատճառով լուրջ  մարտահրավերների առջև է կանգնած , ինչպես նաև նշել, որ եթե ինքը ​​հաստատվի պետքարտուղարի պաշտոնում, ապա աշխատելու է  եվրոպացի գործընկերների հետ այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանին՝ Սիրիայի փախստականների հարցերի լուծման  ռազմավարության շրջանակներում, ինչպես նաև ԱՄՆ ազգային անվտանգության շահերը հաշվի առնելով ՝  Սիրիայի  փախստականների խնդիրները հոգալու  համար օգնություն տրամադրվի:

Analitik.am-ն այս հարցի հետ կապված հարցում էր կատարել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ պարզելու համար՝ արդյոք Հայաստանին՝ փախստականների խնդիրների  լուծման համար տրամադրվող լրացուցիչ օգնությունը դեռևս գտնվում է Պետքարտուղարի և Պետդեպարտամենտի օրակարգում: Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ դեսպանատան պատասխանն ամբողջությամբ.

«Պատերազմից ու քաոսից մազապուրծ սիրիացի փախստականներին ու տեղահանվածներին ապաստան տրամադրելու միջոցով տարածաշրջանային կայունությանը նպաստելու Հայաստանի ջանքերը մեր կողմից գնահատվում ու արժևորում են: Տասնյակ տարիներ Միացյալ Նահանգները փախստականներին օժանդակել է՝ տրամադրելով ուղղակի ֆինանսավորում մարդասիրական ծրագրերի մեր գործընկեր կառույցներին և հատկացնելով միջոցներ բազմակողմ միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը և այլն:

Մենք շարունակում ենք բազմակողմ կառույցներին կատարվող հատկացումների և հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման միջոցով աջակցել մարդասիրական  արձագանքման ջանքերին Հայաստանում: Մենք աշխատում ենք ՀՀ կառավարության հետ՝ օգնելու փախստականներին, ապաստան հայցողներին և փախստականի վիճակին մոտ իրադրության մեջ գտնվողներին, որպեսզի նրանք կարողանան ապավինել սեփական ուժերին: Ներկայումս ընթացքի մեջ է մեր ազգային բյուջեի մշակման և ամբողջականացման գործընթացը, որի շրջանակում հստակեցնում ենք 2018 բյուջետային տարվա համար նախատեսվող հատկացումները»:

 

Նույն շարքից