ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ հանձնաժողովի կայքը գիշերը 15 երկրներից ենթարկվել է DDOS հարձակման: Այդ մասին տեղեկանում ենք РБК-ից։
Նա խոսքերով՝ ամենաշատ ակտիվությունը գրանցվել է գիշերը՝ 2:20-ին: Հարձակումը շարունակվել է երեք ժամ՝ մինչև առավոտյան ժամը 5-ը:
Ավելի ուշ ԿԸՀ քարտուղար Մայա Գրիշինան հայտնեց, որ կիբերհարձակում գրանցվել է նաև հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնի վրա:
ՌԴ կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովը էլ հայտնել է, որ ռուսական կայքերի վրա ընտրություններից առաջ ավելացել են հաքերային ակտիվությունը և կիբերհարձակումները:
Նշենք, որ այսօր Ռուսաստանում նախագահական ընտրություններ են ընթանում:
Ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու՝ ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Ռուսական համաժողովրդական միությունից Սերգեյ Բաբուրինը, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից Պավել Գրուդինինը, «Քաղաքացիական նախաձեռնությունից» Քսենիա Սոբչակը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցությունից Մաքսիմ Սուրայկինը, «Աճի կուսակցությունից» Բորիս Տիտովը և «Յաբլոկո» կուսակցությունից Գրիգորի Յավլինսկին: