ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել Սոլսբերիում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի քննությանը և պատրաստ է քննարկել ցանկացած հարցը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Պուտինի խոսքերով, ռուսական իշխանությունները հենց սկզբից հայտնել են միասին աշխատելու պատրաստակամության մասին, սակայն դրա համար պետք է նաև հետաքրքրվածություն լինի մյուս կողմից, ինչը Մոսկվան դեռ չի տեսնում:
Ինչ վերաբերում է նրան, թե որտեղից է ինքն իմացել Սկրիպալի թունավորման մասին, ապա ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրված Պուտինը պնդել է, որ այդ մասին իմացել է ԶԼՄ-ներից՝ հավելելով, որ Ռուսաստանում նման նյութ չկա, որով, բրիտանական կողմի պնդմամբ, թունավորվել է նախկին լրտեսը, և Մոսկվան, ի տարբերություն արևմտյան գործընկերների, ոչնչացրել է իր քիմիական զենքերը: