Երևանի ԵԼՔ խմբակցությունը կարծում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելու մասին Երկիր Ծիրանիի ներկայացրած նախագիծը օրակարգում ընդգրկելով ցանկանում է միմյանց դեմ հանել երկու ընդդիմադիր խմբակցություններին՝ ԵԼՔ-ին և ԵԾ-ին:
ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր խոսքում նշեց, որ իրենք այդքան քաղաքական խոհեմություն ունեն, որ չմտնեն այս խաղի մեջ և չեն պատրաստվում մասնակցել քննարկումներին: Դրանից հետո Խաժակյանը հայտարարեց, որ ԵԼՔ-ը լքում է նիստերի դահլիճը:
Ավելի վաղ ԵԼՔ-ի անդամները դեմ էին արտահայտվել ԵԾ-ի նախաձեռնությանը:
Այն բանից հետո երբ ԵԼՔ-ը լքեց դահլիճը, Տարոն Մարգարյանը հայտարարեց՝ փաստորեն ստացվում է, որ ՀՀԿ-ն թույլ չի տալու ԵԾ-ի նախագիծն անցնի, ոչ թե՝ ԵԼՔ-ը: